13.09.2017
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «Армения Туристическая» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա թանգարան»:
Սեպտեմբերի 9-ին «Армения Туристическая 2017» զբոսաշրջության ոլորտում թվով 4-րդ մրցանակաբաշխությանը ներկայացված էին 12 անվանակարգեր, հաղթողներին տրվել են Մարգարիտա Մատուլյանի հեղինակային բրոնզե արձանիկները: Քվեարկությանը մասնակցել են զբոսաշրջության ոլորտում ներգրավված մասնագետներ:
Միջոցառման նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն է, քվեարկության միջոցով լավագույնը ճանաչված ընկերությունների պարգևատրումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում առավել հաջողված նախագծերի խրախուսումը:
2015 թ. ապրիլին վերաբացված թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ: Թանգարանի սրահների ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել ու իրականացրել են Լուսինե Մաթևոսյանը և Քրիստինե Աբրահամյանը:
2011 թվականից մեկնարկեցին Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները: Թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք երեք լեզուներով հայերեն, անգլերեն, ռուսերեն կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփված են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահներ՝ նախկին երեք սրահների փոխարեն: