13.09.2022
Ռումինիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ներկայացուցիչ Հայկ Խեմչյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պարոն Յուլիան Ֆոտան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Ռումինիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Յուլիան Ֆոտան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրին նվիրեց 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: