13.09.2023
ՀՑԹԻ-ն մեկնարկում է նոր շարք, որի նպատակն է ընթերցողներին ներկայացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղված և հայ ցեղասպանագիտության ակունքներում կանգնած հայաստանցի գիտնականների գործունեությունը և նրանց ունեցած դերը հայ ցեղասպանագիտության ձևավորման և զարգացման գործում: Այս շարքում առաջինը ներկայացնում ենք պատմաբան, արևելագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Սարգսյանին (1913-2010), ում ծննդյան 110-ամյակը լրանում է այսօր: Խորհրդային ժամանակաշրջանում նա առաջիններից էր, որը չնայած թեմայի նկատմամբ իշխանությունների պարտադրած լռության քաղաքականությանը, ուսումնասիրել և հրատարակել է գրքեր Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության վարած ցեղասպան քաղաքականության, դրան սպասարկող տնտեսական և հողային քաղաքականության, հասարակական-տնտեսական խնդիրների, քեմալական շարժման, թուրքական նվաճողական քաղաքականությանը, հայ-թուրքական և խորհրդա-թուրքական հարաբերությունների մասին։ Նա առաջիններից էր նաև, որը սկսեց ուսումնասիրել Հայաստանի և հայոց պատմության նենգափոխումը թուրքական պատմագրության մեջ՝ ներկայացնելով դրանց հակագիտական էությունը: Երվանդ Սարգսյանը թողել է հարուստ գիտական ժառանգություն, առանցքային դեր է ունեցել հայ թուրքագիտական դպրոցի ձևավորման գործում:
Պրոֆեսոր Երվանդ Սարգսյանը ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 13-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, այնուհետև տեղափոխվել է Բաքու, որն այն ժամանակ հայկական կապիտալի կենտրոններից էր: Այստեղ ստացել է միջնակարգ կրթությունը: Սարգսյանի հայրն էլ ժամանակին աշխատել է Բաքվի հանքերում և սպանվել Բաքվի 1918 թ. սեպտեմբերյան ջարդի օրերին: Հոր սպանությունը ծանր ազդեցություն է ունեցել փոքրիկ Երվանդի վրա և ուղենշել նրա մասնագիտության ընտրությունը: Երվանդ Սարգսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Լենինգրադի (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանում. 1942 թ. հաջողությամբ ընդունվել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Այս ժամանակաշրջանում տարել է պատերազմի դառնությունները՝ երեք տարի լինելով լենինգրադյան շրջափակման մեջ: Հենց այս շրջանում նա ուսումնասիրել և գրել է իր առաջին ծավալուն աշխատությունը՝ «Օսմանյան կայսրության ագրարային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի երկրորդ կեսին», այս թեմայով 1946 թ. պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: Այնուհետև վերադառնալով Հայաստան, աշխատանքի է անցել Արտաքին գործերի նախարարությունում` որպես Թուրքիայի գծով պատասխանատու աշխատակից: Այդ շրջանում նա գործուն մասնակցություն է ունեցել Հայկական հարցի և Թուրքիայի հակահայկական հանցավոր քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր զեկուցագրերի պատրաստման աշխատանքներին: Այդ զեկուցագրերն ուղարկվում էին Մոսկվա և օգտագործվում Թուրքիայի նկատմամբ 1945 – 1946 թթ. ԽՍՀՄ քաղաքականությունը մշակելու գործում: Հետագայում Ե. Սարգսյանը աշխատել է Գիտությունների ակադեմիայի համակարգում: Երբ 1958 թ. հիմնադրվեց Արևելագիտության սեկտորը, հետագայում` ինստիտուտը, նա այդ հաստատության առաջին աշխատակիցներից էր: Ե. Սարգսյանը երկար տարիներ ղեկավարել է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժինը:
Երվանդ Սարգսյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը տեղի է ունեցել Մոսկվայում 1963 թ., վերաճել է սուր և սկզբունքային բանավեճի` խիստ քաղաքականացված խորհրդային թուրքագիտության մոսկովյան դպրոցի ներկայացուցիչների հետ ու լայն արձագանք է ստացել գիտական և հասարակական շրջանակներում:
Պրոֆ. Սարգսյանի թողած գիտական ժառանգության մեջ կարևորագույն աշխատություններից է «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում (1914–1918)» գիրքը, որը, ըստ էության, վերևում հիշատակված նրա դոկտորական ատենախոսությունն է: Այդ ստվարածավալ մենագրությունը 1962 թ. հրատարակվել է ռուսերեն, իսկ 1964 թ.՝ հայերեն: Այստեղ հեղինակը, լայնորեն օգտագործելով արխիվային ու վավերագրական նյութեր, ցույց է տալիս Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Անդրկովկասի, գլխավորապես Արևելյան Հայաստանի նկատմամբ: Հեղինակը հանգում է այն մտքին, որ քեմալական Թուրքիան հանդես եկավ որպես Օսմանյան կայսրության հակահայկական քաղաքականության շարունակող:
Գիրքը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել հայաստանյան հասարակության կողմից, նշանակալից դեր է կատարել «վաթսունականների սերնդի» միջավայրում Թուրքիայի պատկերի ստեղծման գործում: Ե. Սարգսյանի մենագրություններից է նաև «Օսմանյան կայսրության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և մեծ տերությունները 19-րդ դարի վերջի քառորդում և 20-րդ դարի սկզբին» գիրքը, որը լույս է տեսել 1972 թ. ռուսերեն: Թուրքական պատմագրության մեջ լայն տարածում ստացած Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը խեղաթյուրող հայեցակարգերի քննական ուսումնասիրմանը նվիրված առաջին քայլերը Երվանդ Սարգսյանը կատարեց հայտնի արևելագետ-թուրքագետ Արամ Սաֆրաստյանի հետ՝ 1960 թ. հրատարակելով «Պատմության հակագիտական լուսաբանման մի քանի փաստերի մասին» (Արևելագիտական ժողովածու I, Երևան, 1960, էջ 379–400) արժեքավոր հոդվածը, որով, ըստ էության, Խորհրդային Հայաստանում սկիզբ դրվեց մեր ժողովրդի պատմության համար մեծ կարևորություն ունեցող այդ ոլորտի մասնագիտական հետազոտմանը: Հետագայում Ե. Սարգսյանը Ռուբեն Սահակյանի հետ հեղինակեց «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրքական պատմագրության մեջ» գիրքը (1963 թ.): Այն գնահատանքի արժանացավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում: Հետազոտման նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ այն նույնիսկ վերահրատարակվեց Թեհրանում, թարգմանվեց անգլերեն և լույս տեսավ ԱՄՆ-ում, ինչը խորհրդային շրջանում գոյություն ունեցած «երկաթյա վարագույրի» պայմաններում հազվադեպ էր պատահում Խորհրդային Հայաստանի թուրքագետների ուսումնասիրությունների հետ: Պրոֆ. Ե. Սարգսյանը դեռևս խորհրդային տարիներին սկսեց ուսումնասիրել 1920 թ. թուրք-հայկական պատերազմի հետ առնչվող բազմաթիվ արտաքին հանգամանքների բարդ կծիկը: Նա առաջիններից էր, ով ձեռնամուխ եղավ այդ խնդիրների վերաբերյալ մոսկովյան ու երևանյան արխիվների գաղտնի ֆոնդերում պահվող հարուստ, սակայն և հաճախակի իրարամերժ բնույթի փաստավավերագրական նյութի քննական հետազոտմանը: Տարիների լարված աշխատանքի արդյունքները հնարավոր եղավ մենագրության տեսքով հրատարակել միայն անկախ Հայաստանում. 1995 թ. լույս տեսավ նրա վերջին խոշոր արժեքավոր աշխատությունը` «Դավադիր գործարք. Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա» խորագրով: Այն կարևոր ներդրում է 1920 թ. թուրք-հայկական պատերազմի դիվանագիտական պատմության ուսումնասիրության բնագավառում: 1990-ականների կեսերին Հայաստանում ստեղծված կենցաղային ծանր պայմանները Ե. Սարգսյանին ստիպեցին տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ 97 տարեկան հասակում կյանքից հեռացավ 2010 թ.: Նրա գրչին է պատկանում շուրջ մեկ տասնյակ մենագրություն և հարյուրից ավել գիտական այլ աշխատություններ և հոդվածներ: Կես դարից ավել դասավանդել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում` կրթելով պատմաբանների, արևելագետների, միջազգայնագետերի մի քանի սերունդ:
Օգտագործված գրականություն
Ռուբեն Սաֆրաստյան, «Երվանդ Սարգսյան» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես №1, Երևան, 2013, էջ 241-245:
Գէորգ Քրիստինեան, Վաստակաշատ արեւլագէտ գիտնականը (Երուանդ Ղազարի Սարգսեանի ծննդեան 100-ամեակի առիթով), Նոր Հայաստան, 20-րդ տարի, թիւ 131, 2013, Գլենդել, էջ 8-11: