13.10.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Պարոն Ջայշանկարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա այցի ավարտին Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
Շնորհակալություն հայտնելով պարոն Սուբրամանյամ Ջայշանկարին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: