13.10.2022
Ս.թ. սեպտեմբերի 17-18-ին ՀՑԹԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը և ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Շուշան Խաչատրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Բելմոնթ (Greater Boston-ի մաս) քաղաքում՝ Հայագիտական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (National Association for Armenian Studies and Research (NAASR))` Վարդան Գրեգորյանի անունը կրող հարկի ներքո մասնակցեցին Հայագիտական ուսմանց ընկերակցության (Society for Armenian Studies) և NAASR-ի համատեղ ուժերով կազմակերպած
“Technologies of Communication and Armenian Narrative Practices Through the Centuries” («Հաղորդակցության տեխնոլոգիաները և հայկական նարատիվային պրակտիկաները դարերի հոլովույթում») խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված էր հայկական միջավայրում հաղորդակցության պատմական և ժամանակակից ձևերին (այսինքն՝ ձեռագրեր, գրատպություն, վիզուալ և թվային մեդիա, ևն): Այն տարբեր գիտակարգերում աշխատող հետազոտողների ներգրավմամբ նպատակ ուներ խթանելու միջգիտակարգային դիսկուրսը, թե ինչպես են հաղորդակցման տեխնոլոգիաներն ազդել հայկական պատմողական (նարատիվային) մշակույթի, ոճի և եղանակների վրա, և ընդհակառակը, թե ինչպես է հայկական նարատիվային փորձառությունը ձևավորել նոր տեխնոլոգիաներ: Հարցադրումները, մասնավորապես, հետևյալն էին. որո՞նք են եղել հաղորդակցության ոճերի խզումները և շարունակական ձևերը տեխնոլոգիական փոփոխության յուրաքանչյուր փուլում, ինչպե՞ս են տեխնոլոգիաները ձևավորել (և/կամ ձևավորվել) մեկնողական, հերմենևտիկ, նարատիվ կառույցներ հայկական ընկալման համատեքստում, ո՞րոնք են/էին հաղորդակցության նոր ի հայտ եկող տեխնոլոգիաների ազդեցությունը կարդալու, գրելու, պատմելու և մեկնաբանելու մշակույթների վրա, ևն:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայագիտական ուսմանց ընկերակցության նախագահ դոկտ. Պետրոս Տեր Մաթոսյանը, դոկտ. Ծովինար Տերտերյանը, Հայագիտական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական գծով տնօրեն պրն Մարկ Մամիկոնյանը: Գիտաժողովին մասնակցում էին տարբեր գիտակարգեր ներկայացնող 13 հետազոտողներ:
ՀՑԹԻ տնօրեն պրն Մարությանը ներկայացրեց
“Visual Forms of Communication as a Tool and Sign for Revolutionary Changes” («Հաղորդակցության վիզուալ ձևերը որպես հեղափոխական փոփոխությունների գործիք և նշան») թեմայով զեկույցը՝ նվիրված Արցախյան շարժման տարիներին ԽՍՀՄ սահմանադրության մասին պատկերացումներին ու գնահատականներին՝ Շարժման ժամանակ օգտագործված ցուցապաստառների նյութերով։ ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը զեկուցեց
“Sacred Objects as Symbols of the Armenian Genocide Survival Stories” («Սրբազան առարկաները որպես Հայոց ցեղասպանությունը վերապրելու խորհրդանիշներ») թեմայով, որտեղ անդրադարձ կատարեց «տան սուրբ» կոչվող և այլ սրբազան առարկաների միջոցով Հայոց ցեղասպանության պատմությունների, զոհերի ու վերապրողների անունների՝ սերունդներին նարատիվային փոխանցման երևույթին 100 տարվա ընթացքում և մեր օրերում:
Զեկուցումներին հաջորդեցին հարցուպատասխաններ, կատարվեցին համապատասխան դիտարկումները, ի թիվս որոնց ընդգծվեց Հայոց ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշերին, որպես նարատիվային աղբյուրների, առանձնահատուկ ուշադրություն դարձնելու, դրանց լուսապատճենման, ծանոթագրման ու հրապարակայնացման հրամայականը: Այս համատեքստում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տարբեր հայագիտական կենտրոնների հետ փոխգործակցության, հետագա գիտական նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:
Գիտաժողովի շրջանակում նախատեսված այցով գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Ամերիկայի հայկական թանգարան (Armenian Museum of America), որտեղ մասնակիցներին ցուցադրությանը ծանոթացրին թանգարանի տնօրեն պրն. Ջեյսոն Սոհիկյանը և դոկտ. Ալիսա Դումիկյանը:
Այցի ընթացքում հանգամանալի քննարկումներ եղան Պետրոս Տեր Մաթոսյանի և Մարկ Մամիկոնյանի հետ՝ ուղղված ՀՑԹԻ-ի հետ կապերի ամրապնդման խնդիրներին։ Շնորհակալությամբ հայտնում ենք, որ NAASR-ը ՀՑԹԻ գիտական գրադարանին նվիրաբերեց ավելի քան 60 անուն գրքեր՝ Հայոց ցեղասպանությանն ու Արցախյան հիմնախնդրին առնչվող ուսումնասիրություններ, հուշեր, հնատիպ գրքեր:
Գիտաժողովի շրջանակներից դուրս ՀՑԹԻ աշխատակիցներն այցելեցին Բոստոնի ՀՅԴ արխիվ (The Armenian Revolutionary Federation (ARF) Archives), հանդիպում և մտքերի փոխանակություն տեղի ունեցավ արխիվի տնօրեն պրն Ջորջ Աղջայանի հետ: