Օսմանյան Թուրքիայի կողմից Հայերի սպանությունը ցեղասպանություն անվանելը կարող է վնասել Կանադայի և Թուրքիայի առևտրական հարաբերություններին, սակայն Մարդու իրավունքների կանադական թանգարանը չի պատրաստվում 1.5 միլիոն մարդկանց կոտորածն անվանել այլ կերպ, քան ցեղասպանություն, հաղորդում է Winnipeg Free Press-ը:
Թանգարանի պատասխանատու անձանցից մեկը` Քլինթ Քըռլը, հայտարարել է, որ մեկ տարի անց հիշյալ թանգարանի բացման ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութը «ցեղասպանություն» անվանումով ներառվելու է թանգարանի ցուցադրությունում:
Այս հայտարարությունը արվել է ի պատասխան Կանադայում Թուրքիայի դեսպան Թանքեյ Բաբալիի խոսքերի, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի սպանությունները որպես ցեղասպանություն որակելը կարող է խոչնդոտ հանդիսանալ Թուրքիայի հետ Կանադայի առևտրական հարաբերությունների համար:
Կանադական մամուլին իր տված հարցազրույցում Բաբալին ասել է, որ անկեղծորեն հավատում է իրենց երկու ազգերի հնարավորություններին և որ երկու երկրներն էլ շատ բան ունեն միմյանց առաջարկելու` նշելով, որ իր ներքին ու արտաքին քաղաքականությունն իրագործելիս, Կանադան պետք է հաշվի առնի Թուրքիայի առանցքային նշանակությունը: Շարունակելով հարցազրույցը` Բաբալին նշել է, որ նման պայմաններում երկու երկրների նախկին հարաբերությունները չեն կարող շարունակվել, քանի որ ազգի ցեղասպանությունը, դա լուրջ մեղադրանք է, որը պետք է ապացուցել ինչպես պատմական փաստերով, այնպես էլ իրավաբանորեն:
Ցեղասպանության վերաբերյալ հարցին Բաբալին պատասխանել է, որ Թուրքիան քայլ է ակնկալում Կանադայից, և որ այդ դեպքում միայն թուրքական կառավարությունը կփորձի կատարվածը մոռանալ:
Ի պատասխան Բաբալիի վերը ասվածին, Քլինթ Քըռլն ասել է, որ Հայոց ցեղասպանությունը չի անտեսվի, քանի դեռ գործում է Մարդու իրավունքների կանադական թանգարանը: Նա նաև նշել է, որ թանգարանը չի զբաղվում առևտրի ու դիվանագիտության հետ կապված հարցերով: Մեր խնդիրը մարդու իրավունքների կարևորության մասին կրթության ընդլայնումն ու զարգացումն է, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության ու մտքերի փոխանակման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Նշենք, որ 2004 թ. ապրիլին Կանադայի Խորհրդարանը բանաձև է ընդունել, որով ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը` դատապարտելով այն որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն:
Նախորդ շաբաթ Մարդու իրավունքների կանադական թանգարանի բլոգում մեկում Քըռլը գրել է, որ հանուն էթնիկ միատարրության իրագործված պատմական այդ ոճրագործության տևական ժխտումը դարձնում է այն խիստ արդիական մարդու իրավունքների հետաքրքրության շրջանակներում: Վերջերս Քլինթ Քըռլը ժամանել էր Հայաստան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելու համար, և ասել է, որ անելու է ամեն բան զարգացնելու համար կապերը երկու թանգարանների միջև: