14.06.2022
Հունիսի 14-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում նվիրված Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցին։ Նախ առավոտյան մի խումբ շահումյանցիներ, պատմաբաններ, ՀՑԹԻ աշխատակիցներ ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայության կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերին, որից հետո ՀՑԹԻ անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան-հանդիպումը մեկնարկեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանի բացման խոսքով: Նա կարևորեց նմանօրինակ միջոցառման կազմակերպումը և Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայերի դեմ իրականացված և իրականացվող բռնաճնշումների ուսումնասիրության և դրանց միջազգայնացմանն ուղղված քայլերը՝ պետական մակարդակով տարվող Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը որակելով որպես թուրքական ցեղասպան քաղաքականության շարունակություն:
Այնուհետև ներկաներին ողջունեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, կենս.գ.թ., դոցենտ Մարիամ Ավագյանը, որը ներկայացրեց նաև «Շահումյանի շրջանի հայության տեղահանումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքներում հայության ցեղասպանության մի դրվագ է» թեմայով բանախոսություն:
Հեռավար կարգով հանդիպմանը մասնակցեց Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը՝ ներկայացնելով «Շահումյանի շրջանի մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից որպես հայատյացության դրսևորում» վերնագրով բանախոսություն: Միջոցառման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Արդիականության ազգաբանության բաժնի աշխատակից, ծնունդով շահումյանցի պ.գ.թ. Գոհար Ստեփանյանը, ՀՑԹԻ ասպիրանտ Նարեկ Շարաֆյանը, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանը: Նրանք ներկայացրեցին հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած և շարունակվող քաղաքականության պատմական, իրավական և քաղաքական ասպեկտները, նշեցին միջազգային ատյաններում ինչպես անհատ ոճրագործ ադրբեջանցիներին, այնպես էլ Ադրբեջան պետությանը պատասխանատվության կանչելու մեխանիզմները: Այնուհետև հանդիպմանը ներկա շահումյանցիները ներկայացրեցին իրենց հիշողությունները հայրենի Շահումյանի մասին: