Սույն թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 09:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցության (ԱՄՆ) կողմից կազմակերպված
«Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ հիսուն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Բացման արարողությանը կհաջորդի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած
«Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը (ժամը՝ 10:30-ին, ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն), որը թեմատիկ առումով առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն:
Խորագրային պանելների և տեքստային նյութի միջոցով ներկայացվելու են Հայոց ցեղասպանության տարիներին հայերի կրած նյութական կորուստները, հայերի ունեցվածքի բռնազավթումն «օրինականացնող» օրենքները և հրահանգները, որոնք ընդունվել էին Օսմանյան կայսրության և նրա շարունակող պետության՝ Թուրքիայի Հանրապետության կողմից, Հայոց պահանջատիրության հետ առնչվող տարբեր հարցեր՝ սկսած ձևավորումից մինչև մեր օրերը՝ ընդգրկելով քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների մոտեցումները և այլն:
Ցուցադրությունը ներառում է շուրջ երկու տասնյակ բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվելու շրջանառության մեջ:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թ. ապրիլը:
Ցուցադրության բացման արարողությունից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, իսկ ամսի 17-ին և 18-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր սրահում և և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջին հարկի գիտաժողովների դահլիճում։
Սիրով սպասում ենք:
Բեռնել ծրագիրը
Download