14.10.2021
«Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի ներկայացուցիչները` գլխավոր տնօրեն պարոն Մարտեն Իրշի գլխավորությամբ, հոկտեմբերի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լիանա Ազիզյանը:
Ֆրանսիացի հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ֆրանսիացի բժիշկների խումբը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 13-ին մեկնարկած եռօրյա ֆրանս-հայկական առաջին գիտաբժշկական համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի առաջին օրը անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցերին:
«Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» հիվանդանոցային խմբի կողմից կազմակերպված և Լիոնի հիվանդանոցների ու Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի մասնակցությամբ այս համաժողովն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանու ներքո: