14.10.2022
Բանախոս՝ Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Թեմա՝ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը. մշակութային ցեղասպանություն
Դպրոց՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) վարժարան, 10-րդ դասարան
Հոկտեմբերի 14-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանն աշակերտներին ներկայացրեց «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը. մշակութային ցեղասպանություն» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց «մշակութային ցեղասպանություն» եզրույթի ծագմանը, բնորոշմանը, ներկայիս միջազգային իրավունքում վերջինիս կարգավիճակին, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ թուրքական տարբեր վարչակարգերի որդեգրած ոչնչացման քաղաքականությանը, մեր օրերում մշակութային արժեքների ոչնչացման շարունակականությանը և այլ հարցերին:
Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո ընդհուպ մինչև մեր օրերը հայկական հազարավոր պատմաճարտարապետական հուշարձաններ, եզակի ձեռագիր մագաղաթներ և այլ մշակութային արժեքներ Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը: 1920-ականներից սկիզբ է դրվել Արևմտյան Հայաստանի տեղանունների փոփոխման կամ խեղաթյուրման քաղաքականությանը: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել է: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով:
Ընդգծվեց, որ Հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: