Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԻԹԹԻՀԱՏԱԿԱՆ ՋԻՀԱԴԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


14.11.2017


1914 թ. այս օրը՝ նոյեմբերի 14-ին Օսմանյան կայսրությունը պաշտոնական հայտարարությամբ մտավ Առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմ: 1914 թվականի նոյեմբերի 14-ին, Օսմանյան կայսրության սուննի հոգևոր առաջնորդը՝ շեյխ ուլ-իսլամ Հայրի էֆենդին (1), Կոստանդնուպոլսի Ֆաթիհ մզկիթի դիմաց պետական պաշտոնյաների ներկայությամբ և հավաքված ժողովրդի առջև ընթերցեց իր և մի շարք հայտնի իսլամական աստվածաբանների կազմած 5 ֆեթվաները (2), որով հաստատում էր օսմանյան սուլթան Մեհմեդ V-ի սրբազան պատերազմի որոշումը, և կոչ էր արվում աշխարհի բոլոր մուսուլմաններին ջիհադի դուրս գալ ընդդեմ Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի և նրանց զինակիցների (3): Ջիհադի գաղափարի անմիջական հեղինակը երիտթուքական կառավարությունն էր՝ այդ հարցում ակտիվ աջակցություն ստանալով նաև Կայզերական Գերմանիայից, սակայն ի վերջո օսմանյան ջիհադը՝ որպես ստրատեգիական զենք չծառայեց գերմանական շահերին՝ այն է՝ չուղղվեց Անտանտի դաշինքի երկրների դեմ, այլ ներքին կիրառություն ու ահռելի ներգործություն ունեցավ Օսմանյան կայսրությունում:

Տրապիզոնի թեմի հայ կաթողիկե առաջնորդ Հովհաննես արքեպիսկպոս Նազլյանը մեջբերում է 5 ֆեթվաների հայերեն թարգմանված մի հատված և խոսում ֆեթվաների՝ մուսուլմանների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ՝ համակարծիք լինելով մյուս ականատեսների հետ առ այն, որ ջիհադի կոչերին լուրջ վերաբերվեցին միայն թուրքերը.

«Երբ բազմաթիւ թշնամիներ կը միանան իսլամին դէմ, երբ իսլամ երկիրները կը կողոպտուին, իսլամ ժողովուրդը կը հարստահարուի եւ կը բանտարկուի, երբ այս պայմաններուն տակ իսլամներու Հալիֆան, Գուրանի սուրբ պատուէներուն համաձայն, սուրբ պատերազմ կը հռչակէ, պատերազմիլը պարտականությունը չէ՞ բոլոր իսլամերուն, երիտասարդ կամ ծեր, հետեւակազօրք կամ հեծեալ, եւ բոլոր իսլամները պարտական չե՞ն խանդավառուելու հաւատքին համար կռիւ մղելու փափաքով: Պատասխան, Այո՛: Ռուսիոյ, Ֆրանսայի, Անգլիոյ եւ ասոնց օգնող երկիրներու հպատակ իսլամները եւս, պարտաւոր չե՞ն սուրբ պատերազմ մղելու իրենց պատկանած կառավարութեան դէմ: Պատասխան, Այո՛»:

Այս պոռոտ «Այո՛»ները, թուրք բանակին եւ իրենց զինակիցներուն գրաւած սահմաններէն անդին չկրցան թափանցել եւ մի միայն Թուրքիոյ մէջ արձագանգ գտան, նամանաւանդ, համաձայն Երիտասարդ–Թուրք Կուսակցութեան յայտարարած սա սկզբունքին՝ թէ «Ժողովուրդները, իրենց ներքին սեփական գործերուն մէջ միայն պարտաւոր են անով ներշնչուելու»: Միւս բոլոր երկիրներու իսլամները, իրենց պատկանած բանակներուն մէջ, քրիստոնեայ զինուորներու հաւասար անձնուիրութեամբ մարտնչեցան ընդդէմ Երիտասարդ–Թուրք զօրագունդներու, զորս կը նկատէին իբրեւ իսլամութեան ուրացողներ: Այս ճիհատը, ընդհակառակն, ծառայեց կատաղութեան աստիճան գրգռելու իսլամ Թուրքերու ատելութիւնը՝ ընդդէմ իրենց հայրենակից քրիստոնեաներու, մասնաւորապէս Հայերու: Անոր համար է, որ եթէ այս զինաթափ եղած ցեղին բնաջնջման ծրագրին դրդապատճառները, սկիզբէն միմիայն քաղաքական էին, անոր գործադրութիւնը, սակայն, տոգորուած ու ոգեւորուած էր ճիհատի ոգեկոչած զուտ կրօնական շարժառիթներով» (4):

Ջիհադի այս և մյուս հայտարարություններն ու կոչերը լավագույնս իրագործվեցին հենց միայն Օսմանյան կայսրությունից ներս և համաիսլամական արձագանք քիչ գտան: Թուրք սուլթանին որպես խալիֆ՝ համայն իսլամադավանների առաջնորդ, ընդունում էին հիմնականում թուրքերը. մյուս մուսուլմանների շրջանում այդ հարցը տարատեսակ արձագանքներ էր ստանում. նույնիսկ սուլթանի խալիֆ լինելը համարում էին ինքնակոչություն:

Պոլսի պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գնահատմամբ ևս այդ «պանծացուած Ճիհատի» «արդիւնքը եղաւ շատ որոշ մահացումը քրիստոնեայ ժողովուրդի մը» (5)՝ այսինքն հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը:

Ջիհադի բացասական ազդեցությունն ընդդեմ քրիստոնյաների սկսվեց զինվորագրվածների նկատմամբ. Ավետիս Թեքեյանն իր գրքում նշում է, որ ճակատից տուն դարձած, բարեկամներին հանդիպած զինվորների հաղորդմամբ՝ «Ճիհատի յայտարարութիւնը բոլորովին եղերական կացութիւն մը ստեղծած էր ճակատին վրայ եւ յառաջացուցած էր այնպիսի ահաւոր ողբերգութիւն մը, որմէ վերապրող զոհերն էին քաղաք հասնող փախստական զինուորները» (6): Նա նաև ներկայացնում է ռազմաճակատում գտնվող մի հայ զինվորի խոսքերը, որը հաղորդում էր հայերի դրությունը մինչև ջիհադի հայտարարությունը և դրանից հետո. վերաբերմունքը ոչ իսլամադավան զինվորագրվածների հանդեպ վերջնական ատելության փոխվեց հենց ջիհադի հայտարարությունից հետո. «Բանակի մէջ, ամբողջ ռազմաճակատի երկայնքին, կրակի առաջին գիծերուն վրայ կը գտնուէինք, մենք, հայ զինուորներս: Ամենէն շատ մենք կը վիրաւորուէինք յառաջացած խրամատներու մէջ: Տաճիկ զինուորական պետերը միշտ առաջ կը քշէին մեզ: Բայց բացէ ի բաց թշնամական վերաբերմունք մը ցոյց չէին տար մեզի: Ճիհատի յայտարարութենէն ետք անոնց այս խտրական ոգին ատելութեան ոգիի փոխուեցաւ մեզի հանդէպ: Անոնք զինաթափ ըրին մեզ եւ վերածեցին անզէն աշխատաւորական գունդերու» (7):

Յոհաննես Լեփսիուսը հաղորդում է ջիհադի հայտարարության կարևորության մասին վկայող մի քանի փաստեր, որոնցից մեկն էլ հետևյալն է՝ ««Սուրբ պատերազմին» յայտարարութիւնը, ընդհանուր գրգռութիւն մը յառաջ բերաւ թուրք տարրին մէջ, ընդդէմ քրիստոնեայ տարրերուն. քրիստոնեայ ազգերը, շուտով պատճառներ ունեցան վախնալու թէ, մի գուցե թուրք ազգայնամոլութիւնը օգտուիլ ուզէ իսլամ մոլեռանդութենէն, իսլամ ժողովրդեան աչքին պատերազմը ժողովրդական դարձնելու համար» (8):

Այս բովանդակությամբ լուրեր ունի նաև «Նյու Յորք Թայմս» թերթը: Օրինակ հղում կատարելով Պետրոգրադի մի հաղորդագրության 1914 թ. նոյեմբերի 29-ին տպագրվում է «ԷՐԶՐՈՒՄԻ ՖԱՆԱՏԻԿՈՍՆԵՐԸ ԿՈՏՈՐՈՒՄ ԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ. Սրբազան պատերազմի հայտարարությանը հետևեց հայերի շինությունների ավերումը» վերնագրով մի լուր հետևյալ տեքստով. «Այս թուրքական քաղաքից Օդեսսա հասած հաղորդագրությունների համաձայն՝ մահմեդականներին սրբազան պատերազմի հրավիրող կոչից հետո բոլոր հայկական ակումբները, եկեղեցիները և դպրոցները ավերի են ենթարկվել ամբոխի ձեռքով: Չորս հայ, որոնց թվում՝ մեկ կին, սպանվել են փողոցներում» (9):

Կոստանդնուպոլսում ջիհադի ֆեթվաներն ընթերցելուց հետո հենց քաղաքի ներսում տեղի ունեցան վայրագություններ, որից առաջին տուժողը հայկական Թոքատլյան խանութն էր: Դեպքը ներկայացնող մի ականատես հայ՝ Սիմոն Խորենը պատմում է, թե ինչպիսի տրամադրություն էր տիրում այդ օրը. «Ֆաթիհի պատմ. Մզկիթին մէջ խռնուած ամբոխը Պօլսոյ առման 461րդ տարեդարձը տօնելով հանդերձ՝ պարզեց Ճիհատի դրօշը: Ճիհա՜տ, ի՜նչ կարմիր բառ. իսլամութեան կոչն էր ան որ նպատակ ունէր գրգռելու աշխարհիս բոլոր Միւսլիմանները: Մութը կոխեր էր. սոսկալի տեղատարափ մը կ’իջնէր: Թափօրը գերման դեսպանատունէն մեկնելով, Թօգաթլեանի ապակիները ջախջախելէ վերջ՝ Եէնի Չարշըի կողմէն գոռում գոչումով կ’իջնէր աւստր. դեսպանատունը» (10):

Արդեն մյուս՝ 1915 թվականին, տարբեր վայրերում ինքնապաշպանության դիմած դհիմմի հայերը հայտարարվել էին իսլամական օրենքից դուրս, այսինքն՝ դավաճան, թշնամի. Պոլսի պատրիարք Զավեն արք. Եղիայանն այս մասին ունի հետևյալ պնդումը. «Ճիհատը լիովին գործադրվեցաւ այս երկրին մէջ, որովհետև հայերը իբրև՛ օրենքէ դուրս ձգված և իսլամութեան թշնամի ժողովուրդ մը նկատվեցան և անոնց կյանքը, պատիվը և ինչքը հէլալ համարվեցան, սպանութիւնը, բռնաբարութիւնք և կողոպտում կրոնական պարտականութիւն մը եղան նույնիսկ պաշտոնական անձանց համար» (11):

Այսպիսով, երիտթուրքերի ջիհադի հայտարարության հասցեատերերը մուսուլման զանգվածներն էին, թիրախը՝ Օսմանյան կայսրության ներսում բնակվող քրիստոնյաները, այն Օսմանյան կայսրության սահմաններից ներս քրիստոնյաների քաղաքակրթության, մշակույթի ու գոյության դեմ ուղղված ահռելի նշանակության զենք եղավ:



Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ գիտաշխատող



_________________________________________________

1. Ուգրուփլու Մուստաֆա Հայրի էֆենդի (Հայրի բին Ավնի Էլյուրգաբի, 1867-1921), երիտթուրք գործիչ, 1914-1916 թթ. եղել է Օսմանյան կայսրության շեյխ ուլ-իսլամը:

2. Ֆեթվա (արաբ. թարգմ.՝ «որոշում») – իսլամական կրոնաիրավական որոշում՝ կայացված բարձրագույն հոգևոր հեղինակություն ունեցող անձի (մուֆթիի, ղադիի, շեյխ ուլ-իսլամի) կողմից: Յուրաքանչյուր կարևոր պետական կամ հասարակական կյանքին վերաբերող որոշում կայացնելուց առաջ ֆեթվա ստանալը միշտ պարտադիր պայման է եղել: 1914 թ. նոյեմբերի 14-ին թողարկված ֆեթվան գրվել էր հակիրճ՝ թվով 5 հարց ու պատասխանի տեսքով, այն ջիհադի էր կոչում բոլոր մուսուլմաններին՝ ընդդեմ Անտանտի երկրների ու նրանց համակիրների՝ սեփական հավատը և իսլամական «խալիֆայությունը» պաշտպանելու պատրվակով:

3. Ջիհադի ֆեթվան թողարկող շեյխ ուլ-իսլամը՝ Հայրի էֆենդին, 1915 թ. սեպտեմբերին հրաժարական է ներկայացնում, որը հետագայում մեկնաբանվում է՝ իբր նա դեմ էր օսմանյան քրիստոնյաների կոտորածներին: Սակայն որոշ մասնագետներ գտնում են, որ Հայրի էֆենդին բոլորովին այլ պատճառով հեռացավ, նա ուղղակի դեմ էր ապագայում՝ 1916 թ., սպասվող իրավաբանական ռեֆորմին և հետագայում մնաց երիտթուրքերի բարեկամը. տե՛ս Гуайта Дж., Шейх Файез эль-Гусейн о геноциде армян: “Ислам непричастен к их деяниям!”, ФАМ, Москва, 2007, с. 53.

4. Տրապիզոնին թեմին վիճակաւոր Յովհաննէս արք. Նազլեանի յուշերը Մերձաւոր Արեւելքի 1914-1928 շրջանի քաղաքական-կրօնական դէպքերուն մասին, Ա. Հատոր,Պէյրութ, 1960, էջ 14:

5. Զաւէն արքեպիսկոպոս, Պատրիարքական յուշերս. վաւերագիրներ եւ վկայութիւններ, Գահիրէ, 1947, էջ 163:

6. Թէքէեան Ա., Դրուագներ ապրիլեան Մեծ Եղեռնէն, Պէյրութ, 1956, էջ 20:

7. Նույն տեղում:

8. Հայկական ջարդերը. Տոքթ. Եոհանէս Լեփսիուսի տեղեկագիրը, Մատենաշար «Ազդակ», թիւ 98, Պէյրութ, 1965, էջ 270:

9. “ERZERUM FANATICS SLAY CHRISTIANS: Holy war Proclamation Followed by Destruction of Armenians’ Buildings”, The New York Times, November 29, 1914.

10. Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1916-1920, Ժ.-ԺԴ. Տարի, Բ. Հրատարակութիւն, Հալէպ, 2009, էջ 133:

11. Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Զավեն արք. Եղիայանի նամակից հատված՝ ուղղված Ամերիկահայոց հոգևոր առաջնորդ Ծ. Վրդ. Վեհունուն, Կ. Պոլիս, 28 դեկտեմբերի 1915, Մեջբերումն ըստ հետևյալ գրքի՝ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու Մ. Գ. Ներսիսյանի խմբագրությամբ, Ե., 1991, էջ 407-408:






1914 թ. նոյեմբերի 14-ին Կոստանդնուպոլսի Ֆաթիհ մզկիթի դիմաց պետական պաշտոնյաների ներկայությամբ և հավաքված ժողովրդի առջև ջիհադի կոչի ընթերցումը


Տեսարան ջիհադի հայտարարության հավաքից
Վիեննայում տպագրված փոստային բացիկ
Sultan Kriegsichauplaß Kriegsfundgebungen in Konstantinopel. ՀՑԹԻ հավաքածու


1914 թ. նոյեմբերի 14-ի ջիհադի 5 ֆեթվաները՝ օսմաներենով







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am