14.05.2022
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Հարրի Փոթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը
Դպրոց՝ Ալքեսանդր Բլոկի անվան 122 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Ս.թ. մայիսի 13-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց «Հարրի Փոթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը» թեմայով դասախոսություն: Բանախոսը դասն անցկացրեց ինտերակտիվ մեթոդով. դասախոսությունն սկսվեց «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքից այն հատվածի ընթերցմամբ, որտեղ շոշափվում էր մարդու ինքնաճանաչման հարցը, ապա ցուցադրվեց Հարրի Փոթթերի մահվան ու հարության դրվագը:
Լսարանի հետ քայլ առ քայլ պատճառաբանվեց, որ երիտթուրքերի ձեռքին կրոնը դարձավ գործիք՝ ոտքի հանելու օսմանյան իսլամադավան խավին: Անդրադարձ կատարվեց նաև այն հանգամանքին, որ ցեղասպանությունն ուղեկցվեց ոչ միայն քրիստոնյաների ֆիզիկական բնաջնջմամբ, այլև Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնեական քաղաքակրթության (մշակույթ, սեփականություն) դեմ ուղղված հստակ քայքայիչ, ոչնչացման հանգեցնող քայլերով:
Շուշան Խաչատրայանը բացատրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդը մեռնող ու հարություն առնող հատիկի ֆենոմենով, ինչպես նաև կատարվեց «զոհ» հասկացության իմաստային ճշգրտում, արժևորվեցին նահատակ, մարտիրոս հասկացությունները:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: