15.03.2022
Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո նոր կառավարությունը դաշնակիցների պնդմամբ որոշեց դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ու «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին՝ Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար: Սակայն երիտթուրքական գլխավոր հանցախումբը (Մեհմեդ Թալեաթ, Իսմայիլ Էնվեր, Ահմեդ Ջեմալ, Բեհաէդդին Շաքիր, Մեհմեդ Նազըմ, Օսման Բեդրի և Հուսեյն Ազմի), դեռևս 1918 թ. նոյեմբերի 1-ին գերմանական ռազմանավով ճողոպրել էր Թուրքիայից՝ խուսափելով ձերբակալությունից և քրեական պատասխանատվությունից:
Պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին արժանի պատժի ենթարկելու համար 1919 թ. աշնանը Երևանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը խիստ գաղտնի պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ հիմք դրեց
Հատուկ գործին, այն է՝ հայերի կոտորածների կազմակերպիչներին ու իրագործողներին հայտնաբերելու և ոչնչացնելու հատուկ գործողությանը:
Սողոմոն Թեհլիրյանը (1896-1960 թթ.) իրավամբ
Հատուկ գործի («Նեմեսիս» գործողության) ամենահայտնի դեմքն է: Դա պայմանավորված է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախն ամենահայտնի ոճրագործն էր՝ Թալեաթը, այլև նրա դատավարության՝ հասարակական լայն հնչեղություն ունենալու փաստով: Նախքան Հատուկ գործի մեջ ներգրավվելը Ս. Թեհլիրյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը:
Թալեաթին որպես հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ թիրախավորելու և ոչնչացնելու մտահղացումը Ս. Թեհլիրյանի մոտ ծագել է 1916 թ., երբ երիտասարդ կամավորականը, իր զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկա քաղաքը, տեսնում է հայրական տունը դատարկված, թալանված և ավերակ դարձած: Հոգեկան ծանր ապրումներից նա կորցնում է գիտակցությունը և ունենում սպանված մոր տեսիլքը:
Սողոմոն Թեհլիրյանն անձամբ չէր ճանաչում Թալեաթին, երբևիցե երես առ երես չէր հանդիպել նրան, բացարձակապես չէր տիրապետում գերմաներենին: Նրան վստահված կարևոր առաքելությունն իրագործելու համար Բեռլինում սպասում էր արհեստավարժ թիմը, որն արդեն կատարել էր հետախուզական և կազմակերպչական զգալի աշխատանք:
Թալեաթը Բեռլինում փոխել էր անձնական տվյալները և կնոջ հետ Ալի Սալիհ բեյ անունով ապրում էր Հարդենբերգ փողոցում վարձակալած ինը սենյականոց շքեղ բնակարանում: Ըստ լեգենդի՝ Ալի Սալիհը սնանկացած նախկին վաճառական էր, ով Բեռլինում արևելյան սրճարան էր աշխատեցնում: Բնակարանը նրա և կնոջ համար վարձակալել էր թուրքական դեսպանատունը: Թալեաթը փոխել էր նաև արտաքին տեսքը. սափրել էր բեղերը և իր սիրելի թուրքական ֆեսի փոխարեն կրում էր եվրոպացուն բնորոշ գլխարկ: Թալեաթի նկատմամբ հետախուզությունը ուղղորդվում էր Բոստոնից, որտեղից պարբերաբար ուղարկվում էին ծածկագրված հեռագրեր: Ս. Թեհլիրյանին հաջողվում է բնակարան վարձել Թալեաթի իջևանած բնակարանի հարևանությամբ և մի քանի օր շարունակ մոտիկից հետևել նրան:
Թալեաթը բացահայտված էր. մանրակրկիտ ստուգված էր նրա ինքնությունը, քանի որ կարևոր էր, որ գործողության ընթացքում պատահական մարդ չտուժի: Նրա մահապատիժն իրագործվեց 1921 թ. մարտի 15-ին՝ Մոսկվայի հակահայկական պայմանագրի կնքման նախորդ օրը: Մահապատժի իրագործման օրը թերևս պատահական չէր ընտրված, քանի որ ռուս-թուրքական կոնֆերանսում (1921 թ. փետրվարի 26 - մարտի 16), որի արդյունքը Մոսկվայի «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրն էր, բոլշևիկներն ու քեմալականներն առանց հայկական կողմի մասնակցության որոշում էին հայկական տարածքների հարցը: Այդ օրը՝ առավոտյան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում Ս. Թեհլիրյանն ատրճանակով գնդակահարում է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուին՝ Թալեաթ փաշային: Այն, որ սպանվողը Թալեաթն էր, այդ պահին գիտեր միայն Սողոմոնը:
Թեհլիրյանը ձերբակալվեց սպանության վայրում և տեղափոխվեց ոստիկանություն, որտեղ սկսվեց հարցաքննությունը: Քանի որ նա հարցաքննության պահին գրեթե չէր տիրապետում գերմաներենին, իբրև թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննվել թուրքերենով: Սակայն Թեհլիրյանի պահանջով հարցաքննությունը կատարվեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալեաթին սպանել է վրեժից դրդված, գործել է միայնակ և հանցակիցներ չի ունեցել:
«Ալի Սալիհի» դին ճանաչել էր նրա վաղեմի ընկերը՝ Բեհաէդդին Շաքիրը, ով հաստատել էր, որ սպանվածը Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալեաթն է: Թալեաթին հուղարկավորեցին միայն մահվան 5-րդ օրը, քանի որ թուրքական իշխանություններն արգելեցին նրան ամփոփել հայրենիքում: Նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, Բեռլինում կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր…։
Դատավարության ընթացքում (Բեռլին, 2/3-ը հունիսի, 1921 թ.) վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Թեհլիրյանին պաշտպանում էին անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Նրա դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամանները:
Իրավական առումով Թեհլիրյանի պաշտպանությունը հիմնված էր Գերմանիայի քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր.
«Պատժելի արարք չկա, եթե արարքը կատարելու պահին հանցագործը գտնվել է անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունեության պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառվում է նրա կամարտահայտությունը»: 1921 թ. հունիսի 3-ին երդվյալ ատենակալների վճռով Ս. Թեհլիրյանն ազատ արձակվեց:
Ս. Թեհլիրյանի դատավարությունը հասարակական-քաղաքական մեծ արձագանք գտավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:
Դատավարությունից հետո Ս. Թեհլիրյանը բնակություն է հաստատում նախ Մանչեստրում, ապա՝ Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սողոմոն Մելիքյան: Ունեցել է սեփական բիզնես: Անվան փոփոխությունը կապված էր նրա և իր ընտանիքի անվտանգության հետ: 1953 թ. տեղափոխվել է Կասաբլանկա (Մարոկկո), այնտեղից էլ 1954 թ.՝ Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին՝ Սողոմոն Մելիքյան անունով: Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում:
Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից Ս. Թեհլերյանն ուներ 2 որդի՝ Զավեն և Շահեն:
Գոհար Խանումյան
ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Սողոմոն Թեհլիրյան, 1922 թ., հունիս
Արա Օսկանյանի ընտանեկան արխիվ
Ս. Թեհլիրյանը՝ կամավոր, 1915 թ., Երևան
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)
Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, 1921 թ.
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)
Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ