15.03.2023
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)
Դպրոցներ՝ Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց, Երևանի «Փոքրիկ իշխան» կրթահամալիր, Երևանի Արշավիր Շավարշյանցի անվան թիվ 40 հիմնական դպրոց, Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց, Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց, Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոց
Մարտի 14-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին «Բացահայտիր ընտանիքիդ պատմությունը» ծրագրի մասնակից դպրոցների աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)» վերնագրով դասախոսությունը:
Նարինե Մարգարյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայ երեխաների կյանքի տարբեր դրվագներին՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, ձուլման վտանգից մինչև վերադարձ հայ ինքնությանը։ Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը:
Մատնանշվեց նաև Ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։ Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: