Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ. ՍՊԱՆԵԼ ԹԱԼԵԱԹԻՆ
104 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի Հարդենբերգ փողոցում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային


15.03.2025


Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո նոր կառավարությունը դաշնակիցների պնդմամբ որոշեց դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ու «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին՝ Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար: Սակայն երիտթուրքական գլխավոր հանցախումբը (Մեհմեդ Թալեաթ, Իսմայիլ Էնվեր, Ահմեդ Ջեմալ, Բեհաէդդին Շաքիր, Մեհմեդ Նազըմ, Օսման Բեդրի և Հուսեյն Ազմի), դեռևս 1918 թ. նոյեմբերի 1-ին գերմանական ռազմանավով ճողոպրել էր Թուրքիայից՝ խուսափելով ձերբակալությունից և քրեական պատասխանատվությունից:

Պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին արժանի պատժի ենթարկելու համար 1919 թ. աշնանը Երևանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը խիստ գաղտնի պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ հիմք դրեց Հատուկ գործին, այն է՝ հայերի կոտորածների կազմակերպիչներին ու իրագործողներին հայտնաբերելու և ոչնչացնելու հատուկ գործողությանը:

Սողոմոն Թեհլիրյանը (1896-1960 թթ.) իրավամբ Հատուկ գործի («Նեմեսիս» գործողության) ամենահայտնի դեմքն է: Դա պայմանավորված է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախն ամենահայտնի ոճրագործն էր՝ Թալեաթը, այլև նրա դատավարության՝ հասարակական լայն հնչեղություն ունենալու փաստով: Նախքան Հատուկ գործի մեջ ներգրավվելը Ս. Թեհլիրյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը:
Թալեաթին որպես հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ թիրախավորելու և ոչնչացնելու մտահղացումը Ս. Թեհլիրյանի մոտ ծագել է 1916 թ., երբ երիտասարդ կամավորականը, իր զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկա քաղաքը, տեսնում է հայրական տունը դատարկված, թալանված և ավերակ դարձած: Հոգեկան ծանր ապրումներից նա կորցնում է գիտակցությունը և ունենում սպանված մոր տեսիլքը:

Սողոմոն Թեհլիրյանն անձամբ չէր ճանաչում Թալեաթին, երբևիցե երես առ երես չէր հանդիպել նրան, չէր տիրապետում գերմաներենին: Նրան վստահված կարևոր առաքելությունն իրագործելու համար Բեռլինում սպասում էր արհեստավարժ թիմը, որն արդեն կատարել էր հետախուզական և կազմակերպչական զգալի աշխատանք:

Թալեաթը Բեռլինում փոխել էր անձնական տվյալները և կնոջ հետ Ալի Սալիհ բեյ անունով ապրում էր Հարդենբերգ փողոցում վարձակալած ինը սենյականոց շքեղ բնակարանում: Ըստ լեգենդի՝ Ալի Սալիհը սնանկացած նախկին վաճառական էր, ով Բեռլինում արևելյան սրճարան էր աշխատեցնում: Բնակարանը նրա և կնոջ համար վարձակալել էր թուրքական դեսպանատունը: Թալեաթի նկատմամբ հետախուզությունը ուղղորդվում էր Բոստոնից, որտեղից պարբերաբար ուղարկվում էին ծածկագրված հեռագրեր: Ս. Թեհլիրյանին հաջողվում է բնակարան վարձել Թալեաթի բնակարանի դիմաց և մի քանի օր շարունակ մոտիկից հետևել նրան:

Թալեաթը բացահայտված էր. մանրակրկիտ ստուգված էր նրա ինքնությունը, քանի որ կարևոր էր, որ գործողության ընթացքում պատահական մարդ չտուժի: Նրա մահապատիժն իրագործվեց 1921 թ. մարտի 15-ին՝ Մոսկվայի հակահայկական պայմանագրի կնքման նախորդ օրը: Մահապատժի իրագործման օրը թերևս պատահական չէր ընտրված, քանի որ ռուս-թուրքական կոնֆերանսում (1921 թ. փետրվարի 26 - մարտի 16), որի արդյունքը Մոսկվայի «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրն էր, բոլշևիկներն ու քեմալականներն առանց հայկական կողմի մասնակցության որոշում էին հայկական տարածքների հարցը: Այդ օրը՝ առավոտյան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում Ս. Թեհլիրյանն ատրճանակով գնդակահարում է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուին՝ Թալեաթ փաշային: Այն, որ սպանվողը Թալեաթն էր, այդ պահին գիտեր միայն Սողոմոնը:

Թեհլիրյանը ձերբակալվեց սպանության վայրում և տեղափոխվեց ոստիկանություն, որտեղ սկսվեց հարցաքննությունը: Քանի որ նա հարցաքննության պահին գրեթե չէր տիրապետում գերմաներենին, իբրև թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննվել թուրքերենով: Սակայն Թեհլիրյանի պահանջով հարցաքննությունը կատարվեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալեաթին սպանել է վրեժից դրդված, գործել է միայնակ և հանցակիցներ չի ունեցել:

«Ալի Սալիհի» դին ճանաչել էր նրա վաղեմի ընկերը՝ Բեհաէդդին Շաքիրը, ով հաստատել էր, որ սպանվածը Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալեաթն է: Թալեաթին հուղարկավորեցին միայն մահվան 5-րդ օրը, քանի որ թուրքական իշխանություններն արգելեցին նրան ամփոփել հայրենիքում: Նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, Բեռլինում կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր…։

Դատավարության ընթացքում (Բեռլին, 2/3-ը հունիսի, 1921 թ.) վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Թեհլիրյանին պաշտպանում էին անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Նրա դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամանները:

Իրավական առումով Թեհլիրյանի պաշտպանությունը հիմնված էր Գերմանիայի քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր. «Պատժելի արարք չկա, եթե արարքը կատարելու պահին հանցագործը գտնվել է անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունեության պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառվում է նրա կամարտահայտությունը»: 1921 թ. հունիսի 3-ին երդվյալ ատենակալների վճռով Ս. Թեհլիրյանն ազատ արձակվեց:

Դատավարությունից հետո Ս. Թեհլիրյանը բնակություն է հաստատում նախ Մանչեստրում, ապա՝ Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սարո Մելիքյան: Ունեցել է սեփական բիզնես: Անվան փոփոխությունը կապված էր նրա և իր ընտանիքի անվտանգության հետ: 1953 թ. տեղափոխվել է Կասաբլանկա (Մարոկկո), այնտեղից էլ 1954 թ.՝ Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին՝ Սողոմոն Մելիքյան անունով: Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում:

Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից Ս. Թեհլերյանն ուներ 2 որդի՝ Զավեն և Շահեն:

Ս. Թեհլիրյանի դատավարությունը հասարակական-քաղաքական մեծ արձագանք գտավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:

Թեհլիրյանի դատավարությունը նշանակալի ազդեցություն է ունեցել նաև հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կյանքում, ով 1944 թ․ ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը։ Երբ նա արդեն 21 տարեկան ուսանող էր ու սովորում էր Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին:

Լեմկինը սկսում է հետևել Թեհլիրյանի դատավարությանը:

Այս առիթով նա իր ինքնակենսագրականում գրում է. «Ես մի օր կարդացի թերթերում, որ բոլոր թուրք հանցագործներն ազատ են արձակվելու: Ես ցնցվեցի: Մեկ ազգ սպանվեց, իսկ մեղավոր անձինք ազատ արձակվեցին: Ինչո՞ւ են մարդուն պատժում, երբ նա սպանում է մի այլ մարդու, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի փո՞քր հանցագործություն է, քան անձի սպանությունը: Մալթայից ազատված թուրք հանցագործները ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից ամենասարսափելին Թալեաթ փաշան էր՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարը, ով նույնացվում է հայ ժողովրդի ոչնչացման հետ: Թալեաթ փաշան ապաստան գտավ Բեռլինում: Մի օր նրան փողոցում կանգնեցրեց Թեհլիրյան անունով մի հայ երիտասարդ: Թալեաթ փաշային ճանաչելուց հետո Թեհլիրյանը գնդակահարեց նրան: Նրա դատավարությունը դարձավ իրականում մի թուրքական ոճրագործի դատավարություն»։

Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ, և նա քրեական իրավունքի իր պրոֆեսորի ուշադրությունը հրավիրում է այդ հարցի վրա՝ հարցնելով, թե թե ինչու հայերը կոտորածների համար չձերբակալեցին Թալեաթին:

Պրոֆեսորը պատասխանում է, որ գոյություն չունի օրենք, ըստ որի նա կարող էր ձերբակալվել: «Նկատի՛ ունեցիր ֆերմերի դեպքը, ում պատկանում է հավերի մի խումբ», - ասում է պրոֆեսորը, - «նա սպանում է դրանց և դա իր գործն է: Եթե դու միջամտես, դու ոտնձգություն ես կատարում»:

Լեմկինն արձագանքում է. «Հայերը հավեր չեն»: Պրոֆեսորը ձգտում է հիմնավորել իր փաստարկը. «Երբ դու միջամտում ես մի երկրի ներքին գործերին, դու ոտնահարում ես այդ երկրի ինքնիշխանությունը»:

«Հանցագործություն է Թեհլիրյանի համար սպանել մի մարդու, բայց հանցագործություն չէ բռնակալի համար սպանել ավելի քան մեկ միլիոն մարդու, - կրկին հարցնում է Լեմկինը, - սա ամենահակասականն է»:
Լեմկինը զարմացած էր, որ «ինքնիշխանության դրոշը» կարող է պաշտպանել մարդկանց, ովքեր փորձում են ոչնչացնել մի ամբողջ փոքրամասնության: Չի՞ կարող, արդյոք, միջազգային իրավունքի նորմ ստեղծվել, որը կգործի զանգվածային սպանությունների համար:

Այս հարցադրումը հանգեցրեց նրան, որ Լեմկինը որոշեց փոխել իր ուսումնասիրության ոլորտը, որի արդյունքում նա լեզվաբանությունից իր ուշադրությունը կենտրոնացրեց միջազգային իրավունքի ուսումնասիրության վրա: Հետագա տարիներին, երբ Լեմկինն արդեն դասավանդում էր Յեյլի իրավունքի դպրոցում, իր ուսանողներին պատմում էր, թե ինչպես Թեհլիրյանի դատավարությունը փոխեց իր կյանքը:

Լուսանկարում Սողոմոն Թեհլիրյանն է, 1922 թ. հունիս, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, նվիրատու՝ Անուշ Օհանյան-Օսկանյան


Գոհար Խանումյան
ՀՑԹԻ-ի գլխավոր ֆոնդապահ

Նարեկ Պողոսյան, պ.գ.թ.
Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող





Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, 1921 թ.
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am