15.04.2023
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը
Դպրոց՝ Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց,8-րդ դասարան
Ապրիլի 15-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը» վերնագրով դասախոսությունը: Շուշան Խաչատրյանը բանախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում բացված թուրքական որբանոցներին, որոնց հիմնական նպատակը հայ երեխաներին բռնի թրքացնելն էր: Նա ներկայացրեց թուրքական որբանոցներում տիրող կանոններին, պատժի ձևերին, անդրադարձավ այդ որբանոցներում եղած մի քանի հայ որբերի հուշագրություններին՝ շեշտադրում կատարելով հայ երեխաների հայ մնալու պայքարին:
Դասախոսության ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: