ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆ
Օգոստոսի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Ուրուգվայի ԱԳ նախարարը այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
ՀՑԹԻ տնօրենը Ուրուգվայի ԱԳ նախարարին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:
Այցի ավարտին նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետև շրջայց կատարեց Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին պետություններից էր, որ ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և 1965 թ. Սենատը և ներկայացուցիչների պալատի որոշմամբ ապրիլի 24-ը հայտարարել է «Հայ նահատակների հիշատակի օր», իսկ արդեն 2004 թ. ճանաչմանը տվել է օրենքի ուժ: