15.09.2017
1922 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը Հայոց ցեղասպանության վերջին խոշոր դրվագներից մեկն էր: Մի քանի օրվա ընթացքում երբեմնի ծաղկուն քաղաքը, որն իր գեղեցկության համար անվանվում էր «Արևելքի աստղ», դադարեց գոյություն ունենալուց: Քաղաքից, որը Փոքր Ասիայում քրիստոնեության վերջին հանգրվանն էր, և ընդգծված քրիստոնեական դիմագիծ ունենալու համար մուսուլմանների կողմից հաճախ անվանվում էր «գյավուր Իզմիր» («անհավատ Զմյուռնիա»), մնաց միայն թուրքական թաղը: Քրիստոնյա խաղաղ և անզեն բնակչության զգալի մասը կոտորվեց, իսկ նրանց պատկանող գրեթե բոլոր շինությունները հրդեհվեցին և վերածվեցին ավերակների կույտի:
Հայերը Զմյուռնիա քաղաքում ունեին կրոնական և կրթական բազմաթիվ հաստատություններ: Իր ճարտարապետական հորինվածքով և ճոխությամբ առանձնանում էր Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի վերաբերյալ ամենահին հիշատակությունը պատկանում է 17-րդ դարին: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում: Մինչև Զմյուռնիայի՝ 1922 թ. աղետը պահպանված եկեղեցու Ավագ դռան շուրջը մարմարյա քարերի վրա եղած արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին մեծապես տուժել է 1688 թ. երկրաշարժի հետևանքով, և վերակառուցվել է 1689 թ.: 1845 թ. Զմյուռնիայում բռնկված հրդեհը մեծ վնաս է հասցրել Սուրբ Ստեփանոս եկեղեցուն: Սակայն կրկին վեկականգնվել է 1853 թ. ճարտարապետ Մելքոն Երամյանի կողմից:
Ընդհանուր առմամբ, Սուրբ Ստեփանոս եկեղեցին եղել է Զմյուռնիայի ամենաճոխ և մեծ շինություններից մեկը: Ունեցել է յոթը դուռ, որոնցից ավագը բացվել է միայն հանդիսավոր օրերին, իսկ ամենօրյա գործածության համար օգտվել են աջակողմյան դռնից, որն առավոտից երեկո բաց է եղել հավատացյալների համար: Եկեղեցին ունեցել է շքեղ գմբեթ, ոսկեփայլ խորաններ, մարմարաշեն բարձր վեմ, բարձր սյուներ, բազմաթիվ լուսամուտներ: Մարմարյա և սպիտակափայլ սյուները թվով տասն են եղել՝ յուրաքանչյուր կողմից հնգական, և առանց պատվանդամի ու խոյակի ունեցել են 5.50 մ բարձրություն: Եկեղեցին ունեցել է 33 մետր երկարությամբ և 21 մետր լայնությամբ մակերես, իսկ գլխավոր պատերը 1 մետր լայնությամբ են եղել: Մարմարակուռ բեմը ունեցել է մեկ մետր բարձրություն, որի վրա բարձրանալու համար կառուցված է եղել երկու աստիճան: Սուրբ Ստեփանոսն ունեցել է երեք խորան, որոնք մեկը մյուսից գեղեցիկ են եղել: Ավագ խորանը նվիրված է եղել Ս. Ստեփանոս նախավկային, աջակողմյանը՝ Ս. Հովհաննու Կարապետին, իսկ ձախակողմյանը՝ Ս. Աստվածածնին:
Աջ և ձախ կողմերից եղել են փայտաշեն հաստ դռներ, որոնք եկեղեցու երկու թևերի վրա խաչաձև դեպի պարտեզ դուրս եկած եկու փոքրիկ տաճարները եկեղեցու հետ հաղորդակցության մեջ էին պահում: Փոքրիկ տաճարներից աջակողմյանը նվիրված էր Սուրբ Բարդուղիմեոսին, իսկ ձախակողմյանը՝ Ս. Հովհաննու Կարապետին (Ս. Գլխադիր): Դրանց ներքին մասը շատ պարզ է եղել, ճերմակախառն ներկով ներկված, իսկ արևելյան որմերի մեջ ստեղծված է եղել մեկ խորան՝ զույգ սյունակներով զարդարված: Հենց այս փոքրիկ տաճարներից Ս. Գլխադիրում է տեղադրված եղել 1892 թ. Անիից այստեղ բերված մի խաչքար:
Զանգակատան աշտարակը ունեցել է քառանկյուն ձև և իր բարձրությամբ գերիշխել է գմբեթի և ամբողջ եկեղեցու վրա: Ունեցել է երկու զանգակ: Բացի այդ եկեղեցու բակում եղել է ջրհոր, որի ջրից օգտվել են ոչ միայն հայերը, այլ նաև՝ հույները և թուրքերը: Ջրհոր իջնելու աստիճանների վրա եղել է խաչքար:
Սուրբ Ստեփանոսի առաջին ճարտարապետը համարվում է Ստրատին, որը գցել է եկեղեցու հիմքը և սկսել շինարարությունը: Սակայն Ազգային վարչությունը դժգոհ լինելով նրա աշխատանքից, գործը վստահում է Սիմոն Կեսարացի անունով մի ճարտարապետի, որը, սակայն, կարճ ժամանակ անց հրաժարվում է շարունակել աշխատանքը: Զմյուռնահայերը դիմում են պոլսեցի ճարտարապետ Յորտեք Մինասին, որը, սակայն, չկարողանալով գալ, ուղարկում է Մելքոն Երամյանին, ով ավարտում է եկեղեցու կառուցումը:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու պարտեզը ժամանակին օգտագործվել է որպես գերեզման, որտեղ մինչև 20-րդ դարասկիզբը պահպանված հնագույն շիրմաքարերի արձանագրությունների նմանահանությունների պահպանումը (Զմյուռնիայի հայերի կյանքի մասին գրականության մեջ) հնարավորություն է տալիս շատ բան իմանալ զմյուռնահայերի մասին: Հնագույն շիրմաքարերը պատկանում են 16-րդ դարին:
Զմյուռնայի հայության հոգևոր և մակութային կյանքի այս կարևոր կենտրոնը ևս դադարեց գոյություն ունենալուց 1922 թ. սեպտեմբերյան ողբերգությունից հետո: