«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը 2020 թ. օգոստոս – սեպտեմբեր ամիսների ընթացքում անհատ նվիրատուների շնորհիվ համալրվել է շուրջ վեց հարյուր անուն գրքով:
Նվիրատուների շարքում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, քաղաքացիներ Ֆրինա Բաբայանը, Հասմիկ Պողոսյանը:
Գրադարանը հարստացվել է նաև թանգարան-ինստիտուտի աշխատակիցների ջանքերով: Այսպես՝ իր անձնական գրադարանից ցեղասպանության թեմային առնչվող շուրջ հիսուն գիրք է նվիրաբերել թանգարան-ինստիտուտի աշխատակցուհի Անահիտ Չիլինգարյանը:
Նվիրատվությունների մեջ քանակական և մասնագիտական ուղղվածությամբ առանձնանում է Գագիկ Աղաջանյանի անձնական հավաքածուն, որը ՀՑԹԻ-ին է նվիրել նրա դուստրը՝ Անի Աղաջանյանը: Հավաքածուն կազմված է 445 անուն հայերեն և ռուսերեն գրքից: Նվիրատվությունը գրանցվել է որպես Գագիկ Աղաջանյանի անձնական գրադարան:
«Հայրս ճանաչածս ամենամեծ գրքասերն էր, ով գրքին վերաբերում էր իբրև աղոթքի։ Չլինելով պատմաբան կամ հայագետ՝ նա կյանքի ողջ ընթացքում հետևողականորեն հավաքել էր լուրջ հայագիտական գրադարան, որի մեջ զգալի տեղ են գրավում Հայոց ցեղասպանությանը նվիրված հրատարակությունները։ Հուսով եմ, որ այդքան ջանասիրությամբ ու հոգատարությամբ հավաքված գրքերն իրենց դերակատարությունը կունենան Հայոց ազգային զարթոնքի գործում», - թանգարանի-ինստիտուտի աշխատակիցներին է փոխանցել հավաքածուի հեղինակի դուստրը։
Հայկական Հարցին, Հայոց ցեղասպանությանը և Սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը նվիրված այս գրքերն իրենց արժանի տեղն են գտել հիմնադրամի գրադարանում և պատրաստ են ծառայելու թե՛ ինստիտուտի անձնակազմին, թե՛ ընթերցասրահի այցելուներին: