15.09.2022
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պարոն Ալեքսանդր Բելսկին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից: Իր հերթին պարոն Ալեքսանդր Բելսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, թանգարանին նվիրեց Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրերի պատկերներով հուշանվեր: