Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

"WIR DANKEN EUCH!". «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ»
Շվեյցարական թերթում հայ որբերը շնորհակալություն են հայտնում իրենց փրկելու համար


20.10.2022


2014 թ․ հունիսի 21-ի առավոտյան այցելեցի Բեռնի շվեյցարական ազգային գրադարան: Մտադիր էի շարունակել իմ հետազոտությունները ծրագրիս համար և ցանկանում էի ուսումնասիրել Շվեյցարիայում Հայաստանի բարեկամների կազմակերպության եռամսյա թերթը՝ հետաքրքիր հոդվածներ ու զեկուցումներ գտնելու ակնկալիքով: Թերթը հրատարակվել է Բազելում 1916 թ․ հուլիսից մինչև 1944 թ․ Հայերի բարեկամների շվեյցարական դաշնության (Bund der schweizerischen Armenierfreunde) ջանքերով և վերնագրված է եղել «Mitteilungen über Armenien» (Լուրեր Հայաստանից): Նպատակն էր շվեյցարացի բարերարներին իրազեկել Թուրքիայում և Մերձավոր Արևելքում ընթացող դեպքերի մասին և միաժամանակ հաղորդել նվիրատվությունների օգտագործման հետ կապված հաշվետվությունները: Երբ հասել էի 1932 թ. հունիսի թիվ 57 համարին, գտա մի էջ` «Kostkinder vom Beiruter Flüchtlingslager» (Բեյրութի փախստականների ճամբարի հովանավորյալ երեխաները) խորագրով: Չորս որբացած երեխաների՝ երկու աղջկա և երկու փոքրիկ տղայի լուսանկարների կողքին մեծ տառերով գրված էր «Wir danken Euch!» (Շնորհակալ ենք ձեզ): Մի յուրահատուկ զգացողություն համակեց ինձ ու ճմլեց սիրտս: Ես ու այս երեխաներն ասես մարգարիտների պես շարված էինք մեկ թելի վրա: Զրկված լինելով ծնողների կողքին ապահովության ջերմությունն զգալուց՝ յուրաքանչյուրն ուներ սեփական պատմությունը․ նրանք անցել էին շվեյցարացի ժողովրդի խնամակալության տակ՝ միավորված ճակատագրի ընդհանուր դրոշի ներքո: Ծնողական ուշադրության պակասը դրոշմված էր նրանց դեմքին: Նրանց վարքից կարելի էր զգալ իրենց տեսած տառապանքը: Նրանք հեռացվել էին հասարակությունից, նրանցից խլվել էր իրենց մանկությունը...

Կարդացի երեխաների անունները: Հանկարծ ուշադրությունս գրավեց բոկոտն տղաներից մեկի անունը՝ Գրիգոր Տապանյան: Սարսուռ անցավ մարմնովս: Չէի կարողանում հավատալ քիչ առաջ կարդացածիս: Տղայի անունն ինձ շատ ծանոթ էր, բայց չգիտեի՝ այդ մասին ում պատմեմ: Ինչպե՞ս կարող էի այդպես կապված լինել այս մարգարիտների շարանին: Թելն ավելի էր ձգվում և սեղմում կոկորդս: Այժմ ճակատագրի պտուտակները պիտի միակցվեին իրար, և ես պիտի ծանոթանայի սեփական ընտանիքիս պատմության մի մասին:

Իսկապե՞ս դուրս էի եկել հարազատ հորեղբորս հետքի վրա: Ինչպե՞ս էր պատահել, որ նա այդպես հայտնվել էր շվեյցարական թերթում: Շփոթեցնող և հետաքրքիր է, չէ, սեփական ընտանիքի անցած ուղին հենց Շվեյցարիայի ազգային գրադարանում վերապրելը: Համառոտ կենսագրությանը ծանոթանալն ինձ համար հստակ դարձրեց իրողությունը: Այդտեղ կարելի էր կարդալ հետևյալը.

«Յոթ տարեկան, տառապում է մալարիայից: Հայրը մահացած է, մայրը սպասուհի է աշխատում և դեռ պետք է հոգ տանի երկու ավելի փոքր երեխաների մասին»:

Երբ այդ նույն օրը՝ երեկոյան, վերադարձա տուն՝ Ժնև, անմիջապես հեռաձայնեցի Դալլաս՝ վերջնական և հստակ տեղեկություն ստանալու մորաքրոջիցս՝ քեռի Գրիգորի այրուց: Նա սկսեց արտասվել և հավաստիացրեց ինձ, որ հորեղբորս Լիբանանում ընդունել էին մի մանկատուն, որը ղեկավարում էին շվեյցարացիները: Ապենզելցի հայտնի միսիոներ-սպասավոր Յակոբ Քյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթը, ղեկավարել էին այս մանկատունը: Եվ Բեյրութում գտնվող հայ փախստականների ճամբարում նրանք ամեն օր խնամել էին հարյուրավոր տղամարդկանց՝ ապուրի օրաբաժիններ տալով նրանց:

Մինչ այդ հորեղբորս կյանքի այս հատվածն ինձ անծանոթ էր: Ընտանիքումս հազվադեպ էին խոսում այդ ժամանակի իրադարձությունների մասին, և դա մի պարզ պատճառով․ պատմելը անցյալը ներկա է դարձնում, և տառապանքն այդժամ վերստին դառնում է կրկնապատիկ դաժան: Գիտեի, որ պապս ու տատս վերապրել էին 1920 թ. քեմալականների՝ հազարավոր հայերի դեմ իրագործած ջարդերը Հաճնում՝ Կիլիկիայի Տավրոսի լեռներում ծվարած հայկական մի փոքրիկ քաղաքում: Որբացած հասել էին Լիբանան տարբեր ճանապարհներով: Ապրել են վատ պայմաններում՝ փախստականների ճամբարներում, մինչև որ մի քանի հայ կառավարիչ քահանայի ուղեկցությամբ ճամբարում ընտրել է համապատասխան զույգեր՝ ամուսնացնելու նպատակով, որ այդպիսով ապահովեն ազգի գոյատևումը: Այսպես ամուսնանում են տատիկս ու պապիկս: Երկու երեխայի ծնունդից հետո պապս որոշում է արտագաղթել Բուենոս Այրես՝ այնտեղ ավելի լավ կյանքի պայմաններ գտնելու՝ առանց իմանալու, որ տատս արդեն հղի էր․ սպասում էր մայրիկիս ծնվելուն: Պապիկս Արգենտինայում լուսանկարչություն է սովորում ու խնայողություն անում ընտանիքը վերամիավորելու համար: Տատս նամակով նրան տեղեկացնում է, որ դստերը մկրտելու է մոր՝ Էլիզաբեթի անունով: Պապիկս պատասխանում է, որ ինքը լիովին ուրախ է դրա համար, մանավանդ որ իր երջանկահիշատակ մորը նույնպես Էլիզաբեթ էին կոչում:

Հետագայում տատս երկու անգամ փորձում է երեխաների հետ գնալ Բուենոս Այրես, բայց հասնում է միայն մինչև Մարսել, որտեղ նրան ամեն անգամ տեղական իշխանությունները հետ էին ուղարկում Բեյրութ, քանի որ հորեղբայրս հիվանդ էր և չափազանց թույլ՝ այդ երկարատև ճամփորդության համար: Որոշ ժամանակ անց Արգենտինայից հասնում է վշտալի լուրն այն մասին, որ պապս մահացել է թոքերի վարակից: Տատիկիս այլ բան չէր մնում, քան աշխատել որպես սպասուհի լիբանանցի փաստաբանների ընտանիքում: Այդ ծանր աշխատանքը, որ նրանից պահանջում էր տեղում լինել ցանկացած ժամի, ստիպում է նրան երեխաներին վստահել մանկատներին, որոնք ղեկավարում էին ԱՄՆ-ի, Անգլիայի և Շվեյցարիայի բողոքական նպաստամատույց կազմակերպությունները: Մայրս, որ ընդամենը երկու տարեկան էր, դեռ շատ փոքր էր այնտեղ ընդունվելու համար: Սոսկալի հուսահատությունից տատս օրեր շարունակ նստում է մանկատան դռան մոտ, լաց լինում, մինչև որ, կարեկցանքից ելնելով, բացառության կարգով ընդունում են փոքրիկ աղջկան:

Հորաքույրս դպրոցական ծրագիրն ավարտում է մանկատանը և մի քանի տարի այնտեղ աշխատում որպես ղեկավար: Բողոքական հայի հետ ամուսնությունից հետո նրա հետ ներգաղթում Հայաստանի Խորհրդային Հանրապետություն և այնտեղ ստեղծում բազմանդամ ընտանիք՝ շատ երեխաներով ու թոռներով:

Մանկությանս տարիներին ինձ համար ամեն անգամ մեծ իրադարձություն էր, երբ հորեղբայր Գրիգորը՝ նախկին որբ երեխան, որ այդ ընթացքում դարձել էր ավտոմեխանիկ, ընտանիքի հետ այցելում էր մեզ: Այդ ժամանակ բոլորս միասին նշում էինք հոգևոր և ընտանեկան տոները: Տատս տպավորիչ եռանդով էր հայկական ավանդական քաղցր ուտեստներ պատրաստում, և բոլորն այդտեղ իրենց ուրախությունն էին գտնում: Զարմիկիս՝ Ստեփանի հետ, որն իմ տարիքին էր, հաճախ էինք խոսում այն մասնագիտության մասին, որը ցանկանում էինք ունենալ չափահաս տարիքում: Այդ ժամանակ քահանա դառնալու ցանկություն երբեք չեմ ունեցել: Բայց աստվածային նախախնամությունն ինձ 12 տարեկանում տարավ Հայաստան՝ Սուրբ Էջմիածնի քահանաների ճեմարան: Քահանա ձեռնադրվեցի 1980 թ.: Այդ ժամանակ Երևանում հորաքրոջս հարցրի, թե ինչու է հաճախում բողոքական եկեղեցու արարողություններին այն դեպքում, որ ես հայ առաքելական քահանա էի: Նա ինձ բացատրեց, որ հաճախում է բոլոր եկեղեցիների արարողություններին, բայց նախընտրում է բողոքականը, քանի որ այդ դաստիարակությունն էր ստացել: Բացի այդ՝ նա ավելի լավ էր հասկանում արդի հայերենով հնչող աղոթքներն ու երգերը, քան գրաբարով՝ հին հայերենով մատուցվող Հայ առաքելական եկեղեցու պատարագները: Նրան և իր քույրերին երբեք չեն դրդել անցնել բողոքական հավատքի. նրանք բոլորն ամուսնացել են ըստ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի և նույն ձևով էլ մկրտել իրենց երեխաներին: Նրանց երախտագիտությունն առավել խորն էր, քանի որ շվեյցարացիների օգնությունը հավատորսության նկրտումներ չի ունեցել․ եղել է զուտ քրիստոնեական մարդասիրական աջակցություն:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում հորեղբայրս՝ Գրիգորը, ընտանիքի հետ արտագաղթում է Միացյալ Նահանգներ: Դալլասում կարողացա մկրտել թոռներին և նրա հետ ապրել իր ընտանիքի աճը տեսնելու բերկրանքը: Նրան շնորհվեց երեխաների հաջողություններով, թոռների մանկությամբ ուրախանալու բերկրանքը: Մահացավ խոր ծերության հասակում՝ 2004 թ․:

1915 թ. Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած ժամանակահատվածը` մինչև 1920 թվականը, ընտանիքիս զրկում են օջախից և խարխլում նրա գոյության հիմքերը: Ընտանիքիցս խլում են մարդ արարածին արժանի կյանքով ապրելու իրավունքը: Այնուամենայնիվ, նրանք կարողանում են վերապրել շվեյցարացիների օգնությամբ՝ նրանց միսիոներների մարդասիրական հանձնառության և առատաձեռնության շնորհիվ: Թեև ճակատագրի բոլոր հարվածներին՝ ողջ մնացածները կարողանում են լիարժեք կյանք վարել: Այսօր գերդաստանը բարեկեցիկ կյանք է վարում շատ վայրերում՝ Դամասկոսում, Բեյրութում, Երևանում, Դալլասում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում, Ֆրանկֆուրտում և Ժնևում:

Որպես նախկինում մահվան դատապարտված այս ընտանիքի հետնորդ կցանկանայի այստեղ, առիթից օգտվելով, բոլոր շվեյցարացիներին ի խորոց սրտի ասել՝ շնորհակալ եմ ձեզ:

Դոկտ․ Աբել Հ. Մանուկյան
Ֆրանսերենից թարգմանությունը՝ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի



Դոկտ․ Աբել Հ. Մանուկյանի պապիկը ու տատիկը՝ Մինասը և Արշալույսը, հորեղբայրը՝ Գրիգորը, և հորաքույրը՝ Օվսաննան:



Ձախից աջ՝ դոկտ․ Աբել Հ. Մանուկյանի հորեղբայրը՝ Գրիգորը, տատիկը՝ Արշալույսը, և մայրը՝ Եղիսաբեթը:



Չորս հայ որբի նկարով շվեյցարական թերթի էջը, որտեղ պատկերված երեխաներից երկրորդը դոկտ․ Աբել Հ. Մանուկյանի հորեղբայրն է:



Դոկտ․ Աբել Հ. Մանուկյանը:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am