15.11.2019
2019 թ. նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը կազմակերպեց միջազգային երկօրյա գիտաժողով`
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը.
«Այս գիտաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է թանգարան-ինստիտուտի և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ երկկողմ համագործակցության շնորհիվ, իսկ նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության «բեկորների» ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:
Ուղիղ 100 տարի առաջ սկսվել է «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը, երբ բազմահազար որբեր գտնվում էին գերության մեջ, մուսուլմանացման եզրին, հայ մտավորականությունը գիտակցում էր, որ իր ապագան մեծապես կախված է այդ որբերից, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ երեխաները փրկվեն ու դառնան վաղվա Հայաստանի քաղաքացիներ»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՑԹԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Յարութիւն Գէորգեանը, նա նախ երախտիքի խոսք ասեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բարեկարգման աշխատանքների հարցում իրենց ավանդ ունեցած բարերարներից, մասնավորապես՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանից, որոնց շնորհիվ ստեղծվել են բարեկարգ աշխատանքային պայմաններ տարատեսակ միջոցառումներ հավուր պատշաճի կազմակերպելու համար և հավելեց.
«Կասկած չկա, որ հսկայական գործ ունենք անելու ապագայի համար, հատկապես գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարելու գործում: Պետք է շնորհակալություն հայտնեմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմին այս գիտաժողովի կազմակերպման համար, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օրեր»:
Ներկաներին տեսաուղերձով ողջունեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զաւեն Խանճեանը.
«Պատմության հեգնանքն է, որ կապրինք: Մինչ այսօր՝ այստեղ, այ՛ս նյութով գիտաժողովի բացումը կկատարվի, անդին՝ Սուրիական անդաստաններուն մեջ, նույն անողոք դահիճին նոր ոճիրներուն ականատեսն ենք յոթ երկար տարիներե ի վեր և որուն զոհերեն մեզ այսօր հետաքրքրողը, նույն ինքն՝ Եղեռնեն փրկված մնացորդացի շառավիղն է: Ոճրագործը եւ ոճիրը դադար չունին, ուստի անհրաժեշտ է արթուն ըլլալով ակնկալել չարը: Հետեւաբար, ազգովին պետք է պատրաստ ըլլանք փրկութեան գործին»:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ողջույնի խոսքն էլ փոխանցեց նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Ներկաներին Մայր Աթոռի օրհնանքի խոսքը հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը:
Երկօրյա գիտաժողովն ունեցավ հինգ նստաշրջան և քսաներկու գիտական զեկույց:
Առաջին օրվա առաջին նիստը նվիրված էր Հայոց ցեղասպանության տարիներին ազգախնամ գործունեությանը: Բանախոսներից ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանն անդրադարձավ «Փրկություն» եզրույթի մեկնաբանության հարցերին, անկախ հետազոտող, պ.գ.դ. Էդուարդ Մելքոնյանն՝ Առաջին աշխարհամարտից հետո որբերի փրկության գործում ՀԲԸՄ մասնակցությանը, ՀՑԹԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռեյմոն Յարութիւն Գէորգեանը խոսեց Երուսաղեմի Արարատյան և Վասպուրականի որբանոցների մասին, դիտարկելով դրանք որպես վերակառուցման մոդել, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Սեդա Օհանյանն անդրադարձավ 1916-1923 թթ. Միջագետքի հայկական կազմակերպությունների գործունեությանը գաղթականության փրկության և որբահավաքի աշխատանքներում: Նիստը վարում էր ՀՑԹԻ գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը:
Երկրորդ նիստը շարունակեց նույն հիմնահարցերի քննարկումը, այս անգամ նիստը վարում էր պարոն Ռեյմոն Յարութիւն Գէորգեանը: Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Արփինե Բաբլումյանն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարիներին Խարբերդում և Դիարբեքիրում հայերի փրկության գործին, ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության տարիներին Վանի, Էրզրումի, Բիթլիսի շրջաններում որբահավաք աշխատանքներին, և ՀՑԹԻ գիտքարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը՝ 1915-1924 թթ. Հալեպի հայկական որբանոցը, Կալիֆորնիայի համալսարանի ժամանակակից և դասական լեզուների ու գրականության բաժանմունքի հայագիտության ծրագրի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Շեմմասեանը՝ Վերապատվելի Ահարոն Շիրաճյանն ու Հայաստանի բրիտանացի բարեկամները. Հալեպի կանանց ապաստարանը, Քլարկի համալսարանի ցեղասպանությունների և Հոլոքոստի ուսումնասիրությունների Սթրասլեր կենտրոնի դոկտորական աստիճանի թեկնածու Աննա Ալեքսանյանը՝ «Մեր վերքերը» կամ ազատագրման առաքելության որոշ խնդիրներ, Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնաիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Տագէսեանը՝ Նավարկում շիջած երազների, մրցակից կեցվածքների և նոր կյանքի հուսադրումների միջև. «Հայաստանի Կոչնակը» 1919-1923 թթ. թեմաներով:
Յուրաքանչյուր նիստն ամփոփվում էր հարցուպատասխանով, քննարկումով:
Գիտաժողովի առաջին օրը մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին սուրբ նահատակների հիշատակը:
Գիտաժողովի առաջին օրը նշանավորվեց Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումով:
Նոյեմբերի 9-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում: Գիտաժողովի մասնակիցներին ու հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների ու Արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը:
Գիտաժողովի երկրորդ օրն ունեցավ երեք նստաշրջան, առաջին նիստը նախագահեց պարոն Հարություն Մարությանը: Նիստը նվիրված էր հայերի փրկության հարցում հոգևոր կառույցների դերին: Զեկույցներ կարդացին ՀՀ ազգային արխիվի Գիտահետազոտական բաժնի վարիչ, պ.գ.թ. Գոհար Ավագյանը՝ Սուրբ Էջմիածնի Եղբայրական օգնության հանձնաժողովի գործունեությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը՝ Որբանոցից Կաթողիկոսարան. Կիլիկիայի Կաթողիկոսության հաստատումն Անթիլիասում, ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Միհրան Մինասեանը՝ Հալեպի Ազգային առաջնորդարանի գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին, ԵՊՀ հետազոտող, պ.գ.դ. Հիլմար Կայզերը՝ Բողոքականների նպաստամատույց գործունեությունը օսմանյան 4-րդ բանակի շրջանում 1915-1917 թթ., և ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը՝ Կ. Պոլսի պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի ազգախնամ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին թեմաներով:
Հաջորդ նիստը վարեց պարոն Միհրան Մինասեանը: Նիստը նվիրված էր Հայոց փրկության գործում Միջազգային կազմակերպությունների դերակատարությանը:
Զեկույցներ կարդացին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը՝ քննության առնելով միջազգային իրավունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկության հարցը, Լեպսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, Պոտսդամի համալսարանի ռազմական պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.դ. Ռոյ Կնոքե ն՝ ներկայացնելով 1920-ականների աջակցություն հայցող համր ֆիլմը մարդասիրական օգնության ոչ այնքան լուռ կոչի համատեքստում, լիբանանահայ անկախ հետազոտող Կարօ Տէրունեանը՝ Յակոբ Կյունցլերի հետքերով թեմայով և Լեպսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյան ը՝ խոսելով 1915-1919 թթ․հայերի փրկության գործում գերմանական առաքելությունների ունեցած ներդրման մասին:
Երկօրյա միջազգային գիտաժողովի վերջին՝ թվով հինգերորդ նստաշրջանը նախագահեց տիկին Նարինե Մարգարյանը: Նիստը կրկին նվիրված էր Հայոց ցեղասպանության տարիներին ազգախնամ գործունեությանը: Զեկույց կարդաց ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանը՝ ներկայացնելով Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի 1919-1922 թթ. կազմած վիճակագրությունները Մեծ եղեռնի որբերի թվաքանակի վերաբերյալ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Կարեն Հայրապետյանը՝ խոսելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում Արևմտահայ փախստականների խնդիրների մասին: Եզրափակիչ զեկույցով ելույթ ունեցավ ՀՑԹԻ Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
Թեհմինե Մարտոյանը՝ Վահան Չերազ. Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի հավաքագրումն ու խնամակալությունն Ալեքսանդրապոլում թեմայով:
Ինչպես նախորդ օրը, նիստերին հաջորդում էր ակտիվ հարցուպատասխան, ծավալվում էր քննարկում:
Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեցին ու նստաշրջաններն ավարտված հայտարարեցին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և գիտական քարտուղար Նարինե Մարգարյանը:
Նշենք նաև, որ գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներն ու հյուրերը շրջայց ունեցան Մայր Աթոռում, այցելեցին Վեհարան, ծանոթացան այնտեղ ցուցադրվող գանձերին:
Այսպիսով, գիտաժողովի նպատակն էր ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:
Գիտաժողովին զեկույցով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ժամանած ավելի քան երկու տասնյակ գիտնականներ, որոնք անդրադարձան ցեղասպանությունը վերապրած հայերի փրկության գործին առնչվող մանրամասներին:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին առավելապես հայկական, մասամբ նաև միջազգային կազմակերպությունների ունեցած դերակատարությունը, ինչպես նաև հայկական հոգևոր կառույցների, ազգապահպան կազմակերպությունների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Միջագետքի հայկական կազմակերպությունների գործունեությունը:
Մասնագետները ներկայացրեցին Արևմտյան Հայաստանի նահանգներում իրականացված հայահավաք ձեռնարկումները, անդրադարձ կատարվեց նաև առանձին որբանոցների գործունեությանը: Գիտաժողովի ընթացքում վեր հանվեցին նաև այն խնդիրները, որոնք առկա էին փրկության առաքելության իրականացման ընթացքում:
Քննարկվեցին ինքնօգնության դրսևորումներին, որբերի թվական տվյալներին, միջազգային իրավունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկությանը, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք հարցեր:
Գիտաժողովի համագործակից էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հովանավոր` Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը:
Ինչպես գիտաժողովի, այնպես էլ ցուցադրության մասին մանրամասն տեղեկություններ ու լուսանկարներ կարող եք գտնել
ՀՑԹԻ պաշտոնական ֆեյսբուքյան էջում, կարող եք նաև որոնել հետևյալ հաշտեգով՝
#Rescue_Armenians_inME15_23 :
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին