15.11.2023
Օրերս լույս է տեսել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ռուսերեն թարգմանությունը (բնագիր անգլերենից):
Ինչպես 2020 թ. լույս տեսած գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները, այնպես էլ ռուսերեն տարբերակը հրատարակվել է «Ավրորա» հիմնադրամի աջակցությամբ, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի գաղափարի հիմքում հենց Ավրորա Մարդիգանյանի վերապրումի և պայքարի պատմությունն է:
Գրքի ռուսերեն թարգմանությունն իրականացվել է անգլերեն բնօրինակից: Անգլերենից ռուսերեն գիրքը թարգմանել է Հայկուհի Բաբաջանյանը, խմբագրել` Լարիսա Շաբանովան: Այս հրատարակությունը համալրված է նաև ընդարձակ, մասնագիտական առաջաբանով (ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի) և ծանոթագրություններով (ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի և ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի):
«Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ռուսերեն թարգմանությունը հասանելի է ՀՑԹԻ-ի գրադարանում, ցանկացողներն այն կարող են գնել Հայոց ցեղասպանության թանգարանի գրախանութից: