15.12.2021
Ս.թ. դեկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2020) մենագրության շնորհանդեսը:
Մենագրության մեջ պատմակրոնագիտական լույսի ներքո ներկայացվում է Հայոց ցեղասպանության իրագործման կրոնական կողմն իբրև գործոն և գործիք (Առաջին համաշխարհային պատերազմ մուտք գործելու օրվանից սկսած (1914 թ․)՝ ներառելով Հայոց ցեղասպանության ողջ ընթացքը (1915-1923 թթ․)։
Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով կարևորելով Շուշան Խաչատրյանի կատարած մեծ աշխատանքը` նշեց, որ հետազոտությունը բացառիկ է նրանով, որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրված է մի նոր ու հետաքրքիր տեսանկյունից՝ կրոնների բախման տեսանկյունից և Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց՝ XXI դարում, նույն վայրերում տեղի են ունենում կրոնական թիրախավորման ծայրահեղական դրսևորումներ:
Ներկաներին ողջույնի խոսք ուղղեց մենագրության գիտական խմբագիր պ.գ.դ. և բ.գ.դ., պրոֆ. Արծրունի Սահակյանը: Նա, բարձր գնահատելով հետազոտությունը, նշեց. «Այս ուսումնասիրությունը հանգամանալի ու ամփոփ ձևով ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությունը, որքան էլ ծրագրված ու կազմակերպված լիներ օսմանյան կառավարության կողմից, միևնույն է, հնարավոր չէր լինի իրագործել նման ծավալի հրեշավոր համապետական ծրագիր, եթե այդ գործի համար չհավաքագրվեին իսլամադավան մոլեռանդ ու ընչասեր թուրք և քուրդ ամբոխները՝ ջիհադի ինստիտուտի միջոցով»:
Մենագրության հեղինակ Շուշան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ներկայացրել է կրոնի դերը՝ սիստեմավորված, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել կրոնը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ, փորձել է պատասխանել այն հարցերին, որոնք վաղուց հնչեցվում էին, սակայն մեկ ընդհանուր վերլուծության կարիք կար: Նա հավելեց, որ գրքում տեղ են գտել մինչ օրս չուսումնասիրված և չհրատարակված փաստաթղթեր, ներկայացված են ծիսական սպանությունները և բռնությունները, որոնց ենթարկվել են հայերը, ինչպես նաև պատմական էքսկուրսով անդրադարձել է 2015 թ. ապրիլի 23-ի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը և դրա նախընթացին: Շ. Խաչատրյանը նշեց, որ ցանկություն կա գիրքն անգլերեն և իտալերեն թարգմանելու, որպեսզի այն հասնելի դառնա նաև այլազգի հետազոտողին ու ընթերցողին:
Այնուհետև ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց «Շուշան Խաչատրյան, Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» գրախոսականը՝ ուսումնասիրության արժևորմամբ, բովանդակության մանրամասն ներկայացմամբ, գրքից առանձին շեշտադրումներ կատարելով:
Գիրքը նախատեսված է ցեղասպանագետների, կրոնագետների, աստվածաբանների, արևելագետների, պատմաբանների, հոգեբանների, քաղաքագետների և առհասարակ Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող և հետաքրքրվող լայն շրջանակներ համար: