15.03.2023
102 տարի առաջ՝ այս օրը, առավոտյան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանն գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթ փաշային: Այն, որ սպանվողը Թալեաթն էր, այդ պահին գիտեր միայն Սողոմոնը:
Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվեց: Նրա դատավարությունը դարձավ հարթակ՝ հայկական կոտորածներն ու տեղահանությունները մասին բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը վերստին այդ հարցի վրա հրավիրելու համար:
Թեհլիրյանին դատարանում պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբաններ, որոնք Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործում են ժամանակին ուղարկված բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ: Դատավարության ընթացքում ցուցմունք են տալիս գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր, այդ թվում՝ Գրիգորիս Պալաքյանը:
Երիտասարդ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որը նույնպես հետևում էր դատավարության ընթացքին, մեծապես ազդվելով հայերի նկատմամբ տեղի ունեցածից` հետագայում ստեղծեց ցեղասպանություն եզրույթը և շարունակեց իր պայքարը Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման ուղղությամբ:
1921 թ. հունիսի 3-ին երդվյալ ատենակալների վճռով Սողոմոն Թեհլիրյանն ազատ է արձակվում:
Թեհլիրյանի դատավարությունը հասարակական-քաղաքական մեծ արձագանք է ստանում. այն լայնորեն լուսաբանում են ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ գերմանացի և թուրք լրագրողները:
Գոհար Խանումյան
ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, 1921 թ.
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)