16.03.2017
Պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հոդվածը հրատարակվել է «Եվրոպայի ոգեկոչումը. Առաջին աշխարհամարտի տեղայնացումը»
(European Commemoration: Locating World War I) անգլալեզու ժողովածուի մեջ: Այն գիտական հոդվածների ժողովածու է, որի բոլոր ուսումնասիրությունները նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնահարցերին:
Ժողովածուի մեջ ամփոփված նյութերն առաջին անգամ ներկայացվել են «Եվրոպական ոգեկոչում - 2014» միջազգային կոնֆերանսի ժամանակ 2014 թվականին, երբ ոգեկոչվում էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը:
Հայկ Դեմոյանը «Հայոց ցեղասպանությունը Եվրոպայի պատմության և հիշողության մեջ» խորագրով հոդվածում սեղմ ներկայացնում է Հայոց ցեղասպանության ամենաողբերգական, պատերազմական փուլի պատմությունը եվրոպական աղբյուրներում, մասնավորապես` եվրոպացի ականատեսների, դիվանագետների արձագանքների և հուշերի միջոցով:
Առաջին համաշխարհայինի ոգեկոչումը, ըստ Եվրոպայի պատմաբանների, նպատակային է՝ հարյուր տարի անց Առաջին աշխարհամարտի մասին շատ բան է հայտնի, շատ բան էլ դեռ նոր պիտի ուսումնասիրվի:
Քսաներորդ դարի առաջին մեծ պատերազմին վերաբերող որոշ հարցեր և մարտահրավերներ մեկ դար անց դեռ արդի են և նոր հետազոտություների նյութ պետք է դառնան, քանզի ամենաօրգանական կերպով կապված են մեր ժամանակների դեպքերին և շարժումներին: