16.05.2015
Հայոց ցեղասպանության թանգարանը նույնպես միացավ «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագիրը կրող «Թանգարանների գիշեր՝ 2015» համաեվրոպական միջոցառմանը:
Առավոտից թանգարանը շատ բազմամարդ է: Այցելուները ծանոթանում են թանգարանային նոր ցուցադրությանը և իրենց տպավորություններով կիսվում գրառումների մատյանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին պաշտոնապես բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը՝ վերակառուցված և նոր ցուցադրությամբ:
Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահներч նախկին երեք սրահների փոխարեն:
Ցուցադրությունը բաղկացած է հիսուներկու հիմնական խորագրերից: