16.07.2015
Հուլիսի 15-ին երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, հյուրերը և գործընկերները հուլիսի 15-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:
«Թանգարանը թողարկում է ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների: Շարքը կոչվում է «Երախտագիտություն»: Սա հուշանվեր¬ մեդալ է, մենք մեր այցելուներին, աջակիցներին և բարեկամներին թանգարանի կողմից հանձնում ենք մեդալը որպես երախտիք: Այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,-նշեց Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը «Ավրոր Մարդիգանյան» հուշամեդալներով պարգևատրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ՝ Պավել Մարգարյանին և Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային:
Ըստ Հարություն Խաչատրյանի, նման մրցանակները հանձնվում են այն մարդկանց, որոնք օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր:
Հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային «Այլևս երբեք» ծրագիրը նվիրված է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին և կինոփառատոնի շրջանակներում կազմակերպել է թեմատիկ կինացուցադրություններ աշխարհի տարբեր երկրներում: