16.07.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: