Սույն թվականի օգոստոսի 16-ին Հնդկաստանի Հանրապետության պառլամենտի անդամ, Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի նախագահ դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պարոն Վինեյ Սահասրաբուդհեն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին Վինեյ Սահասրաբուդհեն Հիշողության պուրակում ջրեց Հնդկաստանի փոխվարչապետի տնկած արծաթափայլ եղևնին:
Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար ու նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: