Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ֆրանսիսկո Բուստիժոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պարոն Բուստիժոն շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա այցի ավարտին Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
Շնորհակալություն հայտնելով պրն. Ֆրանսիսկո Բուստիժոյին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: