16.09.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «1918 թ. սեպտեմբեր. Բաքվի հայության կոտորածներ-105» խորագրով միջոցառումը:
Նախ ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտ. Հարություն Մարությանը: Նա ներկայացրեց օրվա բանախոսներին, ապա, անդրադառնալով թեմային՝ զուգահեռներ անցկացրեց այսօր Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետ:
Առաջինը ելույթ ունեցավ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանը, որը ներկայացրեց «Պանթուրքիզմի առաջին արշավանքի փորձը Բաքվում 1918 թ. մարտին» թեմայով բանախոսությունը: Վահան Մելիքյանն անդրադարձավ 1918 թ. Բաքվի մարտյան և սեպտեմբերյան ջարդերին և դրանցում երիտթուրքերի դերակատարության հարցերին:
Երկրորդ բանախոսը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին էր, որը ներկայացրեց «Բաքվի հայերի կոտորածը 1918 թ. ըստ գերմանական սկզբնաղբյուրների՝ նախընթաց իրադարձությունների քննական լույսի ներքո» վերնագրով դասախոսությունը:
Բանախոսը ներկայացրեց Էնվեր փաշայի խորթ եղբայր Նուրի փաշայի գործուն մասնակցությունը Բաքվի ջարդերին, ինչպես նաև՝ գերմանական աղբյուրներում պահպանված Բաքվի հայության կոտորածների մասին արժեքավոր տվյալներ: