Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Դենդիասը ծաղկեպասկ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Նախարար Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ թանգարանի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող վավերագրերն ու ցուցանմուշները:
Այցի ավարտին Նիկոս Դենդիասը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել է. «Չարիքը մոռացության մատնելը դրա կրկնության կատարյալ միջոց է»:
Գրառումից հետո ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նախարար Դենդիասին նվիրեց Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հինգ հատոր: