16.11.2022
Հայոց ցեղասպանությունից և դրան հաջորդող շրջանում երեխաների առօրյան հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար որբանոցային միջավայրում ձևավորվում է յուրահատուկ գրական մի ուղղություն, այն է՝ որբանոցային մամուլը։ Վերջինս բնորոշ էր ավելի երկար գործող, ավելի կազմակերպված որբանոցներին, բայց հարկ է փաստել, որ որևէ պարբերական հրատարակելու գաղափարն իրականության վերածելու համար կարևոր էր որբանոցում տիրող մթնոլորտը: Որբանոցային մամուլի դասական օրինակ է Լիբանանի Ջբեյլի որբանոցի «Տուն» աշակերտական ամսագիրը:
Որբանոցը բացվել է 1920 թ. հոկտեմբերին՝ 1․200 որբերով Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության ֆինանսավորմամբ: Վերջինիս ներկայացուցիչ Ռեյ Թրևիսը ղեկավարությամբ որբերի հիմնական մասի հետ այստեղ է տեղափոխվել Այնթափի որբանոցից: Այնուհետև որբանոցը համալրվել է Սիրիայի և Թուրքիայի տարբեր շրջաններից եկող որբերով։ 1923 թ. Նահր Իբրահիմի որբանոցում, որտեղ ապաստանել էին հիմնականում Կոնիայի և Կեսարիայի որբերը, համաճարակի պատճառով փակվելուց հետո նույնպես տեղափոխվել են Ջբեյլ։ Որբերի առավելագույն թիվը հասել է 1.500-ի:
Ամսագիր ունենալու ուսուցիչների ցանկությունը միայն իրենց առօրյայում հետաքրքրություն կամ զբաղվածություն մտցնելը չէր, այն հստակ առաքելություն ուներ՝ վերականգնել ազգային ինքնությունը, որբ աշակերտներին իրենց ազգային ինքնության մասին գիտելիքներ փոխանցել կամ, ովքեր ավելի փոքր տարիքում էին եղել ու քիչ բան գիտեին, կամ առհասարակ տեղյակ չէին իրենց ազգային պատկանելության մասին՝ գիտելիքներ փոխանցել:
«Տուն» խմորատիպ ամսագիրը տպագրվել է շուրջ երեք տարի, 34 համար՝ ընդհանուր մոտ 850 էջ, 40-50 օրինակով: Առաջին համարը թվագրված է 1922 թ. սեպտեմբերով: Ամսագիրն արտացոլում է որբանոցի առօրյան, որբերի ունեցած գիտելիքներն իրենց հայրենիքի, որբանոցում հայտնվելու պատճառների և, առհասարակ, հայ լինելու և իրենց նախնիների պատմության, ժառանգության վերաբերյալ։ Ամսագրում տեղ գտած որբերի հոդվածների, նյութերի վերլուծությունը մի քանի հեղինակների կարծիքների համադրման հետ մեկտեղ հնարավորություն է տալիս ստանալ որբանոցային կյանքի խճանկարը՝ իր արժեհամակարգով ու առօրյայով:
Ջբեյլի որբանոցի մասին մանրամասն տեղեկություններ են ամփոփված նաև որբանոցի սաների կողմից հավաքված ու խմբագրված «Յուշամատեան Ճիպէյլի ամերիկեան որբանոցի 1920-1925» աշխատության մեջ, որտեղ մի քանի բաժիններով ներկայացված է որբանոցի գործունեությունը։ Այն հրապարակվել է որբանոցի փակվելուց 40 տարի անց, և խմբագրական խորհրդի անդամները որբանոցի նախկին սաներն են եղել: Որբանոցային ամսագիրը համախմբել է Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի կամ որբանոցային սերնդի առաջին տպավորություններն ու պատկերացումները, որը պիտի իր ազդեցությունն ունենար նաև հաջորդ սերունդների վրա:
Որբանոցի սան Հովհաննես Մեղրունին հիշում է, որ մի կիրակի հավաքված են եղել որբերով, երբ ուսուցիչներից մեկն ամսագիր ստեղծելու գաղափարն է տվել, անգամ անուն է առաջարկել՝ «Տուն»։ Ու այդպես այդ անունով ամսաթերթը «իր կոչումին համաձայն, ճշմարիտ տուն մը եղաւ, տուն մը, որուն մեջ որբանոցի գրողները (եթէ կարելի է այսպէս անուանել) շուտով ապաստան գտան»։
Ամսագիրն ունեցել է նաև օգտակար խորհուրդների, թևավոր խոսքերի, մանրապատումների բաժիններ, որոնք հիմնականում իրական, որբանոցային կյանքից վերցված դեպքեր են եղել։
Սկզբնական շրջանում թերթի խմբագրության աշխատանքներն ուղղորդել են հայերենի ուսուցիչներ Կոստան Պանտիկյանը, ավելի ուշ՝ Հայկ Պալյանը, սակայն հիմնական պատասխանատուները եղել են երեխաները։
«Տուն» ամսագիրն իր «Տո՜ւն, քաղցրի՜կ տուն» կարգախոսին համաձայն փորձել է իր էջերում որբերի համար ընտանեկան մթնոլորտ ապահովել։ Ամսագրի տարբեր համարներում ակնհայտորեն նկատվում է գաղափարական տունը ստեղծելու աշակերտների ջանքերը:
Ամսագրի առաջին համարում խոսվում է Տուն-ը՝ որպես որբանոց հավաքական գաղափարի մասին, ուր բոլորը հավաքվել են որոշակի հանգամանքներից ելնելով և հեղինակը՝ Զաքար Տարագաճեանը գրում է.
«Տուն կը կոչենք այն վայրը ուր հաւաքականութիւն մը ընտանիք մը ապասատանած է ... իբր մարդ անհատներու հաւաքականութիւն մը որ ունի իր յատուկ կենցաղն ու ապրելակերպը»։
Թերթելով ամսագրի էջերը՝ նկատելի է, որ առողջ ապրելակերպը, առողջապահական հարցերը եղել են որբանոցի ղեկավարության ուշադրության կենտրոնում. սպորտային կյանք, մարզանքներ, լող: Առաջին համարներում հատուկ ուշադրություն է դարձվում մարզական կյանքին։ Հատկանշական է, որ մարմնամարզական կյանքում առաջնորդվում էին 1918 թ. նոյեմբերին Կ. Պոլսում հիմնադրված Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության գաղափարախոսությամբ և գործելաոճով, որի հիմքում կրկին ազգայինն էր՝ «կերտել հայրենիքի զավակ՝ տոկուն մարդ»՝ հավատարիմ մնալով իրենց գաղափարին՝
«Առողջ սերունդ պատրաստել նոր հայրենիքի համար»: «Ընտիր Խոհեր» բաժնում ներկայացվում է Հայ սկաուտի բնութագիրը և
«Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր» կարգախոսի նշանակությունը, որը որբանոցում առավել կարևոր էր հայրենակից-ընկերոջն օգնելու տեսանկյունից և թիմային, հավաքական մտածելակերպ ձևավորելու համար: Ամսագրում պարբերաբար հանդիպում ենք տարբեր առողջապահական խորհուրդների, որոնք ընթերցողին բերում են այն մտքին, որ առողջության առաջին պայմանը մաքրությունն է, և առողջությունը պարկեշտության վկայագիրն է և այլ։
Որբերը միշտ ունեցել են հոգևոր դասաժամեր, քննարկել են աստվածաշնչյան թեմաներ ու քրիստոնեությանն առնչվող հարցեր։ Ճաշից առաջ միշտ աղոթել են «Հայր Մեր»-ը կամ «Փառք ու պատիվ Քեզ»-ը։ Քրիստոնական թեմաներով աշակերտական մտորումների հանդիպում ենք գրեթե բոլոր համարներում։ Այս ուղղությունը նույնպես կարևոր էր աշակերտների մոտ հանդուրժողականություն ձևավորելու համար: Խրատական գաղափարներ կան «Կիրակնօրյա խորհրդածութիւն» հոդվածում, որտեղ կարդում ենք.
«Մարդ միայն հացով չ’ապրիր, այլ հոգեկան սնունդով։ Նպատակը միջոցը չ’արդարդացներ և պէտք է փառասէր չ’ըլլալ՝ այլ անձնուէր»: Կարելի է առանձնացնել Ասատուր Արուշյանի «Խաչն է իր պարծանքը», Մ. Սարգիսյանի հեղինակած «Քրիստոսի կեանքը կառավարող սկզբունքները» գրվածքները այլն:
1923 թ. հուլիսի համարում կարդում ենք Ա. Ներսեսյանի հեղինակած «Դժբախտութեան պատճառը» հոդվածը, որտեղ նշվում է, որ մարդիկ միշտ իրենց դժբախտության պատճառը ուրիշի մեջ են փնտրում, թե ինչու Աստված իրենց դժբախտ է թողել այս աշխարհի վրա ու իրենց միլիոնատեր կամ խելացի մարդու զավակ չի դարձրել, այլ խղճուկ գյուղացու կամ բանվորի զավակ և չեն կարող կյանքի բարիքները վայելել։ Հեղինակը եզրակացնում է, որ նման մտածումները վնասում են մարդու առողջությանը և դրանով մարդն ինքն իր նկատմամբ մեղք է գործում։
Այսպիսով, նմանատիպ քրիստոնեական, կրոնական ուղղվածության հոդվածները պետք է դիտարկել որբերի ցեղասպանության տրավման հաղթահարելու ձև՝ գիտակցել այն դժբախտությունը, որի միջոցով ինքն անցել է, այնուհետև որոշակի սխեմայով այն արտահայտել՝ գրելով, մտածելով և սեփական ճանապարհը հարթելով՝ մի պարագայում դա ներքին ձայնն է, մյուս դեպքում Քրիստոսի կերպարով առաջնորդվելը կամ Հարության տոնի խորհուրդը:
Հարկ է նկատել այն հանգամանքը, որ ամսագրի նյութերը ոչ միայն տվյալ երեխայի հույզերն էին ու պաշտպանական մեխանիզմները, այլ մյուս որբերի համար դրանք ուսուցողական էին, քանի որ հեղինակել էին իրենց հասակակիցները, և նմանատիպ հոդվածներում տեղ գտած խորհուրդների ընկալումը կարող էր օրինակելի լինել որբանոցի երեխաների մեծ մասի համար, քանի որ ամսագրի ընթերցումն ընդունված երևույթ էր որբանոցում։
Ամսագրի գերակշռող համարներում հիմնական գաղափարը հայկականության պահպանումն էր, մայրենի լեզվի, մշակույթի արժևորումը: Այս առումով ամսագիրը հատուկ ուշադրություն էր դարձնում մեծն հայ ուսուցիչներին և հոգևոր հայրերին: Տարբեր դրվագներով ներկայացվում են հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, կաթողիկոսներ Գրիգոր Լուսավորչի, Սահակ Պարթևի գործունեությունը: Հայ մեծերի, գրականության, հայոց պատմության վերաբերյալ ամսագրում տեղ գտած հոդվածների հիմնական գաղափարախոսությունը կարելի է ամփոփել հետևյալ պարբերությամբ.
«Անտեսել նիւթականը, պայքարել գաղափարի համար, ասոնք տեսլապաշտ ժողովուրդի մը մեծագոյն յատկանիշներէն են, բայց և այնպէս ազգի մը, ժողովուրդի մը և համայնքի մը գոյութեան յարատև պահպանման մեծագոյն ազդակներն են»։
Ինչ վերաբերում է դպրությանն ու քրիստոնեությանը, ապա հոդվածագիր Զաքարի կարծիքով, վերջիններս այն զույգ ազդակներն են, որ պետականության անկումից հետո սատար եղան հայ ժողովրդի հարատև գոյությանը, նրանք պահպանեցին և զարգացրին մեր ազգային առանձնահատկությունները և ձիրքերը:
Հարկ է նշել, որ հայ գրականության մեծերի մասին հոդվածներով ամսագիրն իր որակի մեջ անգերազանցելի է։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքների մեջ նկատվում է նաև որբանոցում գործող «Գրական ակումբ»-ի դերը, որը որոշակի ազդեցություն է ունեցել հոդվածների հարուստ բովանդակության վրա։ «Հայ գրականութիւն» խորագրով շարքի առաջին հոդվածներում անդրադարձ է կատարվում հայ մեծանուն բոլոր պատմագիրներին, գրողներին, փիլիսոփաներին, նրանց թողած աշխատություններին, անգամ սփյուռքում հիմնված հայկական կենտրոններին:
Որբանոցային ամսագրում հայկական ինքնության, ազգային արժեքների պահպանման, հայրենիքի վերադարձի մասին նույնպես բազմաթիվ աշակերտական մտորումներ կան, որի հետաքրքիր և դիպուկ ձևակերպումը տվել է Ա. Յափուջյանը: Հարկ ենք համարում այն մեջբերել գրեթե ամբողջությամբ.
«Հայը հաստատուն է թէ իր լեզուին, թէ իր գրականութեանը և թէ կրօնքին վրայ, ո՛չ բաղդը, ո՛չ սուրը, և ո՛չ ալ հուրը կրնայ զիրենք փոխել։ … Մենք որբ եղած ենք այս կրօնքին ու գրականութեան համար, հաւատքին համար։
Հերիք է ... նետուինք կեանքի ասպարեզը և յանձնուինք բաղդին, որ մեզ ալ առաջնորդէ։ Վերը՝ Աստուած, և վարը մեր կարողութեան վստահելով, նետուինք կեանքի ովկիանոսին մէջ ու մաքառինք կոհակներուն դէմ։ Բայց բաղդին վստահիլը ապահովութիւն չէ՛։ Բաղդը թող մեզի հետևի»։
Նշենք, որ ամսագրի էջերում կան բազմաթիվ են բանաստեղծություններ հայրենի բնակավայրի, հայրական օջախի, խաղաղ կյանքի, ծնողական սիրո վերաբերյալ։ Դրան զուգահեռ մշտապես առկա է հայրենիք վերադառնալու, Մայր Հայաստանի, Արարատ լեռան մասին բանաստեղծություններն ու պատմությունները, որտեղ մշտապես նկատելի է համեմատական գիծը Մայր Հայրենիքի և սաների ճակատագրերի միջև:
Որբերն առանձնահատուկ ձևով են բացատրում սերն առ հայրենիք.
«հայրենիք ունենալ կ’ուզենք ... որպէսզի ազատ կենաք մը վայելէնք թէ գիտութեան ուժով, թե ալ ֆիզիկապէս զօրանանք։ Հայրենաբաղձներ ենք, որովհետև վեց հարիւր տարիներէ ի վեր բռնակալներու և անգութներուն կողմանէ հալածուելով և աքսորուելով զուրկ մնացած ենք մեր հայրենիքէն։ Մենք մեր հայրենիքը կը սիրենք որովհետև մեր հայրենիքը մեզ համար սրբազան և իսկական բնակավայր մըն է»:
Հայ ազգային գործիչների, հոգևոր այրերի այցելությունները նույնպես կարևոր էին որբերի հայեցի դաստիարակման համար։ Հիշարժան են եղել Երվանդ Օտյանի, Նիկոլ Աղբալյանի, Սահակ Բ կաթողիկոսի, Բեյրութում լույս տեսնող «Փիւնիկ» թերթի խմբագիրների և այլոց այցերը:
1924 թ. սեպտեմբերի 15-ին Սահակ Կաթողիկոսը նամակ է ուղղել որբանոցի ամսագրին՝ այն վերնագրելով՝ «Սիրելի՛ ճարտարապետներ Աշակերտական «Տուն»-ի Ճիպէյլի Ամերիկյան որբանոցին», որտեղ նա նշել է, որ աշակերտներն էլ նման են ճարտարապետների ու մառախլապատ ժամանակներում են սկսել «Տուն»-ի վերականգնման աշխատանքները. Վերջում նա պատգամել է. «Աշխատեցէք լաւ Հայեր ըլլալ»։ Կաթողիկոսն իր խոսքն ավարտում է օրհնանք-կոչով.
«Ապրեցէ՛ք մեր հայրենիքի կենդանի հաւատով: Ապագան Ձերն է»:
Ջբեյլի որբանոցում աշակերտները հայոց պատմության, լեզվի, գրականության մասին հոդվածները գրում էին մեծ ոգևորությամբ՝ միաժամանակ չանտեսելով նաև համաշխարհային պատմության կարևոր իրադարձությունները։ Պետք է փաստել, որ աշակերտները գրում էին նաև անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որը ցուցիչ էր, որ որբանոցում կրթական մակարդակը բավականին բարձ է եղել: Աշակերտները ծանոթ են եղել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գործունեությանը, նրա ունեցած դերակատարությանը Հայկական հարցի լուծման հարցում: 1924 թ. հուլիսի համարում հոդվածները հիմնականում անդրադառնում են համաշխարհային պատմությանը։
Լավատեսական մտքերով, ցանկություններով ու մաղթանքներով հարուստ են ամսագրի Ամանորյա համարները: Նոր հույսերով, շնորհավորանքներով լի է 1923 թ. տարեմուտի համարը, երբ նշում են, որ Եղեռնի օրերի վերքերը սկսում են սպիանալ, նկատվում է «ապագայի տարտամ ճակատագիրն ու ազատության ջահակիրը»: «Կաղանդ Պապուկը», «Յիսուս Մանուկը» բանաստեղծությունները, «Կաղանդ պապա», «Ծնունդի իրիկուն մը», «Հուրրա, Կաղանդ Պապա» պատմվածքներն ամանորյա տրամադրություն են հաղորդում համարին:
Որբանոցում կազմակերպված միջոցառումներից է եղել նաև դեկտեմբերի 7-ի Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության նախաձեռնած «Ոսկեղեն կանոն»ի ճաշկերույթը։ Վերջինիս հոգևոր խորհրդի մասին կարդում ենք. «Ճաշասեղանին մասնակցող իւրաքանչիւր հիւր, տղոց հետ կողք կողքի նստած ճաշեց և պահ մը ապրեցաւ այդ ճաշին խորհուրդը, որուն կենդանի օրինակն է նոյն ինքը որբը»։ Ամսագրից տեղեկանում ենք, որ միջոցառման շրջանակներում որբանոցի նվագախումբը մի քանի ազգային երգեր է նվագել, հյուրերը ճաշից հետո կամավոր նվերներ են հանձնել։
Որբերին համախմբող, միասնական գաղափարի համար պայքարի ձևերից էին ասմունքի միջոցառումները, որբանոցի տարեվերջյան դաշտահանդեսները, միջորբանոցային օլիմպիական խաղերը, որոնց մասին նույնպես անդրադարձներ կան թերթի համարներում, անգամ ներկայացված են ցանկերը՝ առաջին, երկրորդ, երրորդ աստիճանակարգերում հաղթողների անուն-ազգանուններով։
Այսպիսով, «Տուն» ամսագրի միջոցով երեխաներն իրենց հասակակիցներին իրազեկում էին ներորբանոցային, որբանոցից դուրս, ինչպես նաև աշխարհում կատարվող իրադարձությունների, դեպքերի, միջոցառումների ու տոների մասին: Այս երևույթն առավել կարևոր էր երեխաների՝ մայրենի լեզվով գրելու, հայ ինքնության պահպանման տեսանկյունից:
Որբերի՝ Հայոց ցեղասպանության հուշերի ու վերապրումների անդրադարձը «Տուն» ամսագրում կներկայացվի հաջորդ մասում:
Նարինե Մարգարյան, պ.գ.թ.,
ՀՑԹԻ գիտական քարտուղար, ավագ գիտաշխատող