16.12.2016
Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայ գործընկերոջ՝ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Վրաստանի ՆԳ նախարարը ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Վրաստանից ժանանած հյուրերին ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը: Պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Մեծ Եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին:
Վրաստանի ՆԳ նախարարը գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո Հիշողության պուրակում իր անունով արծաթափայլ եղևնի տնկեց: