17.01.2023
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայստան-Մեքսիկա բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանի և Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Մեքսիկայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Բերենիսե Խուարես Նավառետեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: