17.02.2018
Մարզվանի Անատոլիա քոլեջը (1900թ.)
Անատոլիա կամ Ամերիկյան Քոլեջը ներկայումս Հունաստանի ամենահին և առաջատար կրթական հաստատություններից մեկն է: Այն ունի 132 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում, սկսած դեռևս հիմնադրման ժամանակներից (1886թ.)՝ հաղթահարելով բազում խոչնդոտներ, այն ձեռք է բերել վաստակաշատ կրթական օջախի համբավ:
Անատոլիա Քոլեջի հիմնադրման արմատները շատ խորն են: Դրա հիմքում ընկած է Օտարերկրյա առաքելությունների ամերիկյան հանձնաժողովի միսիոներների, հատկապես, Սայրուս Հեմլինի ավանդը, ով նաև Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջի հիմնադիրն էր: Դեռևս 1838թ. միսիոներական առաքելության նպատակներով մեկնելով Կ.Պոլիս՝ 1840թ. Հեմլինը ստեղծում է Բեբեկ ճեմարանը, որը կոչված էր տեղի երիտասարդությանը կրթելու, առևտրի և ֆինանսների բնագավառում նրանց հմտացնելու, առևտրա-տնտեսական ոլորտի հետագա զարգացմանը խթանելու համար: Այս կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ուսուցումը ներառում էր առարկաների մեծ մասի անգլերեն լեզվով դասավանդում, լիբերալ արվեստի զարգացում, ինչպես նաև ֆինանսական օժանդակության յուրահատուկ «ինքնակառավարման» տարբերակ: Ս. Հեմլինի առաջադրած ծրագրերը մեծ ներդրում էին տեղի կրթական մակարդակի բարելավման և հետագա զարգացման համար:
Արևելյան Թուրքիայի տարածքում գործում էր Խարբերդի Եփրատ քոլեջը և Այնթափի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը, իսկ արևմտյան Թուրքիայում չկար նույնիսկ մեկ կրթօջախ: Այս հանգամանքը հաշվի առնելով Օտարերկրյա առաքելությունների ամերիկյան հանձնաժողովն անհրաժշտ է համարում ևս մեկ կրթական հաստատության ստեղծումը: Այսպիսով, 1881թ.-ին ամերիկյան հանձնաժողովի մի շարք միսիոներների ջանքերով (J.F. Smith, Dr. G.F. Herrick, Dr. Charles C. Tracy, Dr. Ernest Riggs) հիմնադրվում է Հերբինգեր Բարձրագույն Դպրոցը (Harbinger High School): Հենց այս դպրոցն էլ հիմք հանդիսացավ տարիներ անց Անատոլիա Քոլեջի ստեղծման համար: 1885թ. Հերբինգերն ունեցավ իր առաջին և վերջին շրջանավարտները՝ արական դասարանը, ևս հինգ հոգի պետք է ավարտեին հաջորդ տարի, սակայն արդեն որպես նորաստեղծ Անատոլիա Քոլեջի շրջանավարտներ: Այսպիսով, 1886թ.–ին հիմնադրվեց Մարզվանի (քաղաք Արևմտյան հայաստանում՝ Սեբաստիայի վիլայեթի, Ամասիայի սանջակում) Անատոլիա Քոլեջը: Քաղաքի նորաբաց քոլեջը ստացավ այն տարածաշրջանի անվանումը, որում գտնվում էր և կոչվեց «Անատոլիա»:
Սկզբնական շրջանում տղաներն անցան երկու տարվա նախապատրաստական դասընթացներ՝ անգլերեն լեզվի և հիմնական գիտելիքների ուսուցման համար, այնուհետև անցում կատարեցին քոլեջի չորսամյա ծրագրին: Քոլեջի ուսանողները հայեր և հույներ էին: Գործունեության առաջին տասնամյակը բավական արդյունավետ էր քոլեջի համար: Զգալիորեն ավելացավ ուսանողների քանակը, ընդլայնվեց քոլեջի շենքի տարածքը, աշխատակիցների թիվը, ինչպես նաև գրքերի քանակը: 1893թ. բացվեց Անատոլիայի Իգական Վարժարանը, որտեղ դասավանդում էին ամերիկյան Կարլետոն վարժարանի նախկին շրջանավարտներից մի քանիսը:
Արդեն 1894թ. այն պաշտոնապես ներառվեց Բոստոնի կրթական համակարգում և ընդհանուր կանոնադրության համաձայն ստացավ կրթական ծրագրերի բոլոր մակարդակների տրամադրման իրավունք՝ տարրականից մինչև դոկտորական աստիճան: Դրան հետևեց Պաշտոնական Կայսերական Հրամանը (The official Imperial Rescript), որը 1899թ. ապրիլի 14-ին կարդաց քոլեջի առաջին նախագահ Չարլզ Թրեյսին:
Քոլեջի անդորրը խաթարվեց 1894-1896թթ. համիդյան կոտորածների ժամանակ, երբ Մարզվանի հայ բնակչությունն ապաստան գտավ Անատոլիա քոլեջի պատերից ներս: Կոտորածների սկիզբն ազդարարող նոյեմբերի 15-ը ճակատագրական եղավ տեղի հայ բնակչության և քոլեջի կյանքում: Այդ օրը նշանավորվեց պատմության մեջ «Սև ուրբաթ» («Black Friday») անվանմամբ:
Անատոլիան ականատես եղավ նաև Մեծ Եղեռնի տարիներին՝ Մարզվանում տեղի ունեցած ջարդերին: Լինելով ամերիկյան առաքելության կրողներ, քոլեջի աշխատակիցները փորձեցին հնարավորինս օժանդակել քաղաքի հայությանը՝ Մարզվանի սարսափների մասին տեղեկացնելով Կ.Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին: Դեսպանի վկայությամբ՝ ականատես լինելով տեղի ունեցածին, միսիոներներից և ուսուցիչներից շատերն անգամ առողջական խնդիրներ ձեռք բերեցին:
1916թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական զորքերը գրավեցին քոլեջի տարածքը, Անատոլիան դադարեցրեց իր գործունեությունը և վերածվեց հիվանդանոցի: Սակայն երեք տարի անց, 1919թ. հիվանդանոցը ևս փակվեց: Անցնելով Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի հոգածության ներքո, տիկին Շարլոտ Վիլարդի գլխավորությամբ, այն ստանձնեց գրեթե 2500 որբերի խնամակալությունը:
Անատոլիայի հետագա ճակատագիրը բախտորոշվեց, երբ իշխանության գլուխ բարձրացան քեմալականները: 1921թ. քոլեջի ղեկավարներին պաշտոնապես հրամայվեց լքել Անատոլիայի տարածքը: Դրան հաջորդեցին Զմյուռնիայի աղետը, այնուհետև Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության փոխանակումը: Պարզ էր, որ նման պայմաններում այլևս դժվար էր կանխորոշել քոլեջի հետագա ճակատագիրը, ուստի Անատոլիայի Հոգաբարձուների Խորհրդի նիստի որոշմամբ, 1924թ. Անատոլիան վերաբացվեց հունական Սալոնիկ (Թեսալոնիկի) քաղաքում: Ավելի ուշ՝ 1934թ. քոլեջը տեղափոխվեց Սալոնիկի Փիլեյա արվարձան, որտեղ էլ գտնվում է մինչ օրս:
Ինեսա Ստեփանյան, ՀՑԹԻ գիտաշխատող
Անատոլիայի իգական վարժարանը, Մարզվան
Մարզվանի Անատոլիա քոլեջը
Մարզվանի Անատոլիա քոլեջը
Անատոլիա քոլեջի առաջին շրջանավարտները (1887թ.)
Չարլզ Թրեյսի, Անատոլիա քոլեջի առաջին նախագահը (1886-1912թթ.)
Սայրուս Հեմլին (1811-1900թթ.)