Ապրիլի 16-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների դահլիճի նախասրահում բացվեց
«Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթ, ապա տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Ցուցադրությունը, որի կազմակերպումը հնարավոր է դարձել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանի հետ համագործակցությամբ, կազմակերպել է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը:
Տնօրեն պարոն Մարությանը ողջույնի խոսք ասեց մասնակիցներին, ներկաներին.
«Երբ մեզ դիմեցին ցուցահանդեսի կազմակերպման հարցով, միանգամից համաձայնեցինք: Ցեղասպանությունն այնպիսի մեծ ողբերգություն է, որը տարիներ շարունակ հուզում է մարդկանց սրտերն ու հոգիները և ստեղծագործական դրսևորումներ ունենում:
Մենք բոլորս հավասար ենք, անկախ մեր կարգավիճակից ու հնարավորություններից, կարևորն այն է, որ թեման անհանգստացնում է բոլորիս»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Գյումրու Հայորդաց տան երգչախումբը և Փոքր թատրոնի պարուհի Քրիստինա Դանիելյանը։
Չսահմանափակվելով ցեղասպանության թեմայով և նպատակ ունենալով բացահայտել ապագայի իրենց տեսլականը` նախաձեռնության կազմակերպիչները սահմանել էին մրցույթ ցուցահանդեսի երեք անվանակարգում:
«Ցեղասպանությունն իմ աչքերով» անվանակարգում մրցանակի արժանացավ Հենրի Վարդանյանը, «Մենք հավասար ենք» անվանակարգում հաղթեց Արմինե Մինասյանը, իսկ «Մատչելի Հայաստան» անվանակարգում մրցանակը հանձնվեց Անդրանիկ Բալաբանյանին:
Ցուցադրությունը գործելու է մինչև ապրիլի 20-ը, ցուցադրված են հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ և այլն։ Հաշմանդամություն ունեցող 15 արվեստագետներ ներկայացրել են շուրջ 40 աշխատանքներ, որոնցից միայն 23-ն են ընտրվել ցուցահանդեսի համար:
Նախագիծն իրականացվել է Փարոս հիմնադրամի աջակցությամբ (ԱՄՆ, գործադիր տնօրեն՝ Փիթըր Աբաջյան)։ Նախաձեռնության իրականացմանը աջակցել են նաև Գյումրու Հայորդաց տունը՝ տնօրեն Աստղիկ Եդիգարյան և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն՝ հիմնադիր-նախագահ Լիլիթ Մարտիրոսյան։