ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՅՈԱԽԻՄ ԳԱՈՒԿՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՎ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկը կնոջ հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր: Գերմանիայի նախկին նախագահին ուղեկցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը (Michael Banzhaf), Մայր Աթոռի ներկայացուցիչներ:
ՀՑԹԻ գերմաներենի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող թանգարանը, ծանոթացրեց վավերագրերին, ցուցանմուշներին:
Թանգարան կատարած այցի ավարտին նախագահ Յոախիմ Գաուկը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ և նվիրեց ինչպես իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» հատորը, Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» պատկերազարդ հատորը, վերջերս Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ցուցադրության համանուն պատկերագիրքը:
Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Գերմանիայի նախկին նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետև Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը կատարեցին Բարեխոսական կարգի արարողություն՝ հնչեց էկումենիկ աղոթք ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակներին և կարդացին սաղմոսներ:
Տնօրեն Մարությանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ: