17.09.2022
2022 թ. սեպտեմբերի 14-ից 16-ը տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած
«Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը (համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Բեյրութի Հայկազյան համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոն):
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ. գ. դ. Հարություն Մարությանը. «Այսօր, ադրբեջանական անթաքույց ագրեսիայի օրերին, մենք գումարում ենք գիտաժողով՝ նվիրված 100 տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ՝ թուրքական ագրեսիայի հետևանքներին: 100 տարի առաջ զոհվում էին հազարավոր անմեղ քաղաքացիներ, այսօր՝ իրենց մարտական դիրքերում Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող հայ զինվորներ։ Մեր այսպես կոչված հարևանների ագրեսիվ պահվածքը չի փոխվել. նրանք այսօր էլ դավանում են նույն «արժեքները», ինչ 100 տարի առաջ։ Ու դա մենք պետք է հստակ գիտակցենք մեր հարաբերությունները կառուցելիս»,– նշեց նա: Հարություն Մարությանի առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:
Ներկաներին տեսակապով ողջունեց Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոնի պրոֆեսոր Կիրիակոս Խացիկիրիակիդիսը. «Հայերի և հույների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Այս գիտաժողովը մեկ անգամ ևս փաստում է այդ հանգամանքը»: Ապա ավելացրեց, որ ինչպես 1922 թ. Զմյուռնիայում, այնպես էլ այս օրերին երկու ժողովուրդների ընդհանուր թշնամի Թուրքիան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր, Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանը և նշեց, որ մարդկությունը պետք է ճանաչի անցյալը ոչ միայն հարստությամբ և բարիքներով, այլև աղետներով: Այս գիտաժողովը, Վեր. Փոլ Հայդոսթյանի համոզմամբ, վեր կհանի Զմյուռնիայի գրական, պատմական, եկեղեցական, քաղաքական և տնտեսական կյանքը:
Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած
«Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Նույն օրը մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
Գիտաժողովին մասնակցում էին ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ քառասուն մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Նիդերլանդներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից և Չեխիայից:
Գիտաժողովի առաջին օրը գումարվեց երեք նիստ՝ հետևյալ խորագրերով՝ «Զմյուռնիայի համայնքային կյանքը. դպրություն, գրչություն, հրատարակչական մշակույթ», «Զմյուռնիայի պարբերական մամուլը», «Զմյուռնիայի կրոնական կյանքը. միջկրոնական փոխհարաբերություններ»:
Առաջին օրվա հիմնական զեկուցողը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ., պրոֆեսոր Ալբերտ Խառատյանն էր. նա ներկայացրեց Զմյուռնիայի հայկական գաղթօջախի պատմությունը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Զմյուռնիայի հայ գաղթավայրի ուսումնասիրման ոլորտում ունեցած ներդրման համար Ալբերտ Խառատյանին, ինչպես նաև հույն հետազոտող Ջորջ Պուլիմենոսին պարգևատրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով:
Գիտաժողովի երկրորդ օրը գումարվեց երեք նիստ՝ հետևյալ խորագրերով՝ «Հիշողության մշակույթ և հոգեբանական ուրվագծումներ», «Ոճրագործություն, քարոզչական և քաղաքային մշակույթ», «Մշակութային ինքնությունը Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման համատեքստում. քրիստոնեական ժառանգության ոչնչացումը»:
Երկրորդ օրվա առաջին պատվավոր զեկուցողն անվանի լեզվաբան, գերմանագետ, հայագետ, ՄակԳիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանն էր. նա հանդես եկավ «Փաստաթո՞ւղթ, թե՞ գրական գործ. մեծ հորս՝ բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը Զմյուռնիայի աղետի մասին» խորագրով զեկուցմամբ:
Մյուս պատվավոր զեկուցողը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ․ գ․ դ․ Վերժինե Սվազլյանն էր. նրա զեկուցումը նվիրված էր Զմյուռնիայի աղետին և ժողովրդի պատմական հիշողությանը:
Հիմնական զեկուցող, Թուրքագիտության և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների ամբիոնի դասախոս, Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի պրոֆեսոր Հերվե Ժորժըլենը ներկայացրեց «Քեմալականների՝ Զմյուռնիայի նվաճումը (1922 թ., սեպտեմբեր). առաջինը թիրախավորելով հայերին և մեղքը բարդելով նրանց վրա» զեկուցումը:
Երկրորդ օրը տեղի ունեցավ նաև «Հայոց պատմություն. Զմյուռնիա» խորագրով փոստային բացիկի հանդիսավոր ներկայացումը, որից հետո մասնակիցները ստացան իրենց օրինակները:
Գիտաժողովի երրորդ օրը գումարվեց երկու նիստ՝ հետևյալ խորագրերով՝ «Փրկության գործը. ականատեսներ և մարդասիրական ձեռնարկումներ», «Մարդու իրավունքների խախտում, իրավական գնահատականներ և հեռանկարներ. վերապրածների տարագրությունը և ներգաղթը Խորհրդային Հայաստան»:
Հիմնական զեկուցողը Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր, Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանն էր. նա հանդես եկավ «Մոռացված հոգի Էգեյան ծովում. Վեր. Հակոբ Երանյանի կյանքն ու վախճանը» խորագրով զեկուցմամբ:
Հարցուպատասխանի և քննարկումների ավարտից հետո ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ. գ. թ. Էդիտա Գզոյանն ամփոփեց գիտաժողովի արդյունքները: Նա նշեց, որ գիտաժողովը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պայմաններում, հավելեց, որ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա հայերի և հույների ընդհանուր թշնամի Թուրքիան չի հրաժարվել իր հակահայկական և հակահունական քաղաքականությունից: Էդիտա Գզոյանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան գիտաժողովի կազմակերպման և անցկացման կարևոր գործում։
Այնուհետև մասնակիցներն այցելեցին Նուբարաշեն ավան՝ Նոր Զմյուռնիայի փողոցի անվանակոչման արարողությանը:
Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Աշոտ Ղադյանը և աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոհարիկ Ոսկանյանը դիմավորեցին միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քհն. Հակոբյանը հոգեհանգստի կարգ կատարեց՝ ի հիշատակ 1922 թ. Զմյուռնիայի հայ և հույն անմեղ զոհերի:
Գոհարիկ Ոսկանյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Նուբարաշենի պատմությունը՝ կարևորելով ավանի բարեկարգման ու զարգացման աշխատանքները:
Արարողությանը ներկա էին նաև Նուբարաշենի ամենատարեց բնակիչները, որոնք Զմյուռնիայի հայ վերապրողների շառավիղներն են՝ Նուբար Բերբերյանը և Սարգիս Ճարպիկյանը (Ջրտըխյան):