17.11.2017
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ, Բրազիլիայի պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Գևորգ Վարդանյանը Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին ներկայացրեց Մեծ եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Բրազիլիայից ժամանած նախարարն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեց ցուցանմուշները, գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Նախարարը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Ի դեպ, հենց Ալոիզիո Նունես Ֆերեիրան է Բրազիլիայի Սենատում 2015-ի մայիսի 27-ին որպես օրենսդիր մարմնի անդամ նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: