17.11.2022
Այսօր Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ մագիստրոսներ իրենց դասախոս Գուրգեն Հովհաննիսյանի հետ միասին հյուրընկալվել էին ՀՑԹԻ-ում, որտեղ հանդիպում-քննարկում ունեցան ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարության հետ:
Նախ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Հարություն Մարությանը նրանց պատմեց Հուշապատի մասին, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:
Ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների շուրջ հետաքրքիր քննարկումներ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարության հետ: