17.12.2024
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սգում է պրոֆեսոր Իսրայել Չառնիի կորուստը, որը մահացել է երկու օր առաջ։ Պրոֆեսոր Չառնին ցեղասպանագիտության նախահայրերից մեկն էր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լավ բարեկամը։
Իսրայելցի անվանի հոգեբան և ցեղասպանագիտության ոլորտում առաջատար մասնագետ Իսրայել Չառնին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (1994) և «Genocide Studies and Prevention» գիտական պարբերականի (2006) հիմնադիրներից մեկն էր։ Նա երկհատորանոց «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիրն էր և ցեղասպանագիտական բազմաթիվ գործերի հեղինակ։
Իսրայել Չառնին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարի առաջամարտիկներից էր։ 1982 թ․ նա Թել Ավիվում կազմակերպեց Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ առաջին միջազգային գիտաժողովը և Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորած հայ գիտնականների պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու դրան։ Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը գիտաժողովի ծրագրում թուրքական կողմից մեծ հակազդեցության հանդիպեց, որը փորձեց ամեն գնով տապալել այն։ Չնայած իսրայելական իշխանությունների կողմից ճնշումներին և անգամ որոշ մասնակիցների կողմից իրենց մասնակցությունը չեղարկելուն՝ պրոֆեսոր Չառնին հրաժարվեց Հայոց ցեղասպանության թեման հանել գիտաժողովի ծրագրից։ Այդ գիտաժողովը դարձավ առաջին միջազգային խոշոր ցեղասպանագիտական հավաքը, որի ընթացքում Հայոց ցեղասպանությունը քննարկվեց և դրանով մտավ արևմտյան ակադեմիա։ Ոչ պակաս նշանակալի է պրոֆեսոր Չառնիի գիտական ներգրավվածությունը թեմայի մեջ, որի գագաթնակետը նրա վերջին աշխատանքն էր՝ վերնագրված «Հայոց ցեղասպանությանը Իսրայելի ձախողված արձագանքը»։
Պրոֆեսոր Չառնին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լավ բարեկամն էր։ 2013 թ․ նա ՀՑԹԻ-ին նվիրաբերեց իր անձնական գրադարանը՝ կազմված շուրջ 700 գրքից։ 2015 թ․ ՀՑԹԻ-ի սենյակներից մեկը անվանակոչվեց ի պատիվ պրոֆեսոր Չառնիի։
2011 թ․ Իսրայել Չառնին ստացավ ՀՀ Նախագահական մրցանակ «Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար»: