18.01.2017
Ստամբուլ, Շիշլի, հունվարի 19, 2007 թ.:
Լուսանկարում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի դիակն է սպանությունից րոպեներ անց:
Այս սպանությունը հետևանք էր Թուրքիայում օրեցօր ահագնացող ազգայնական ու անհանդուրժողական մթնոլորտի, ինչը քաջալերվում է թուրքական իշխանությունների կողմից: Հրանտ Դինքը դարձավ հայերի նկատմամբ ատելություն սերմանող և Հայոց ցեղասպանության պատմական փաստը պետական մակարդակով ժխտելու քաղաքականության զոհը: Այս սպանությունը ծնեց մի նոր բանաձև՝ 1.500.000+1:
Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս» շաբաթաթերթի խմբագրատան առջև գլխին հետևից արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալիս գոչել էր՝ «գյավու´ր», ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:
Սպանություն կատարելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալեց 17-ամյա Օգյուն Սամաստին, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանեց իր մեղքը:
Ոստիկանատանը թուրք ոստիկանները թուրքական դրոշով և Աթաթուրքի դիմանկարով լուսանկարվեցին մարդասպանի հետ՝ այսկերպ հանցագործին «պատվելով» որպես հերոսություն կատարած մեկի:
Հրանտ Դինքի սպանության իրական պատվիրատուն ու կազմակերպիչները մինչ օրս բացահայտված չեն:
«Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցաւը և կրում է այդ բեռը»:
Հրանտ Դինք
Լուսանկարի աղբյուրը՝ Hurriyet, 20.01.2007.
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից