Հունվարի 17-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. առաջին մեթոդաբանական սեմինարը:
Դասախոսեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը: Վերջինս հանդես եկավ «Հայաստան, երկիր դրախտավայր». «Հայաստան» անվանումը ուշմիջնադարյան և XIX-XX դարերի քարտեզներում» թեմայով դասախոսությամբ:
Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում, Մեծ Եղեռնին Վանից տարագիր գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ էին հասել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի ճանապարհով: Թեհրանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա կրթաթոշակ է ստացել սովորելու Բրիտանիայի Բիրմինգհամ քաղաքի Աստոն համալսարանում, ուր ուսանել է ճարտարագիտություն: Փոքր տարիքից հետաքրքրված լինելով աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ՝ 1970-ականներին նա լրջորեն սկսել է իր աշխարհագրական հետազոտությունները որպես զբաղմունք (հոբբի): 1981-ին Լոնդոն տեղափոխվելով, նա առիթ է ունեցել օգտվելու Բրիտանիայի և Եվրոպայի այլ գրադարաններում եղած քարտեզագրական նյութերից ու լայն տեղեկություններից:
Նրա առաջին քարտեզագրական աշխատությունը «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» մեծածավալ հատորն է, հրատարակված անգլերենով 2004 թվականին, իսկ հայերենով ու ռուսերենով՝ 2005-ին: Դկտ Գալչյանը երկու տասնյակ հատորների հեղինակ է՝ հրատարակված հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և թուրքերեն։
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/
#MethodologicalSeminarsatAGMI
#AGMIEvents
#AGMIPublicLectures
#AGMIEducationProgram