18.02.2021
2021 թ. փետրվարի 18-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ
«ՏՈԿԵԻ ՄԱՐՈՒ. ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՓՐԿՈՒՂԻՆ» խորագրով միջոցառումը։ Այն Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման ու քաղաքի հրկիզման 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքից էր և իրականացվեց հայ-ճապոնական «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միություն հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը, որը նվիրված էր հայ ու ճապոնացի ժողովուրդների բարեկամությանը, ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան
Ջուն Յամադան, Երկրորդ քարտուղար
Ռիկա Օնոդերան, ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ
Մնացական Սաֆարյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ
Մարիա Լազարևան, և այլք։
Ներկաներին բացման խոսքով ողջունելով՝ ՀՑԹԻ տնօրեն
Հարություն Մարությանը կարևորեց նմանօրինակ բացահայտումները՝ որպես երկու ժողովուրդների երկարատև բարեկամության առհավատչյա։
Ճապոնագետ
Աննա Վարդանյանը փաստեց, որ բացահայտման համար հիմք է հանդիսացել մի պատահական դիպված․
«Իբրև հայ-ճապոնական կապերի հետազոտողի՝ ինձ պատահեց մի նկար, որում պատկերված էր ճապոնական նավը՝ խարիսխ գցած Զմյուռնիայի նավահանգստում»։ Այս իրողությունը հետազոտողին տանում է Ճապոնիա և Հունաստան շարունակելու իր ուսումնասիրությունը, իսկ ՀՑԹԻ հանդիպումը Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Թեհմինե Մարտոյանի հետ համատեղ հետազոտության սկիզբն է հանդիսանում։
Հետազոտողներն ընդգծեցին, որ չթերագնահատելով Զմյուռնիայի ափին խարիսխ գցած օտարերկրյա նավերի մարդասիրությունը, որոնք վերապրածների փրկության գործն են իրականացրել, բացառապես ճապոնական նավի օրինակն են ուսումնասիրել՝ փորձելով պատմական փաստերի համադրմամբ ստանալ փրկության գործընթացի իրական պատկերը, շարժառիթներն ու հետևանքները՝ հիմնականում ականատեսների, վերապրողների հուշերի և վկայությունների հիման վրա։
ՀՑԹԻ ավագ գիտաշխատող
Թեհմինե Մարտոյանը նշեց․
«Զմյուռնիայի հայերի ու հույների փրկության խարսխի՝ ճապոնական նավի մասին մասնագիտական գրականության մեջ առավել հաճախ խոսվում է առանց անվան հիշատակության։ Նախնական տպավորությունն այնպիսին է, որ նավն անուն չի էլ ունեցել, հետևաբար, «ճապոնական նավ» բառակապակցությունը, հավասարազոր է դարձել և նույնացվել «փրկություն» բառեզրի հետ։ Շեշտը դրվել է ոչ թե անվան, այլ այն փաստի վրա, որ նավը ներկայացնում է Ճապոնիան»։
Բանախոսները փաստեցին, որ ցեղասպանությունը վերապրած ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ մարդասիրության նմանօրինակ քայլերի հանդեպ խիստ զգայուն է, իսկ անթաքույց համակրանքն ու երախտիքի զգացումը դեպի Ճապոնիան ու ճապոնացիները՝ բնական։
Միջոցառման ընթացքում առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեց
«Տոկեի Մարու» անիմացիոն ֆիլմը, որի ցուցադրման բացառիկ իրավունքը ստացել էր ճապոնագետ Աննա Վարդանյանը հույն անիմատոր Զախոս Սամոլադասից:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան
Ջուն Յամադան, իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման խորը հետազոտության և շատ կարևոր բացահայտումների համար, խոստովանեց, որ ճապոնացի նավապետի սխրանքը, որը հարյուրավոր մարդկանց կյանքեր է փրկել, անչափ հուզիչ էր։ Միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ հայ և ճապոնացի ժողովուրդները նման են իրար իրենց պատմությամբ։
ՀՑԹԻ տնօրեն
Հարություն Մարությանը դեսպան Յամադային նվիրեց ՀՑԹԻ 2020 թ․ անգլալեզու հրատարակությունները։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգելով անմեղ զոհերի հիշատակը։