18.03.2022
Ս. թ. մարտի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում բանախոսությամբ հանդես եկավ
Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության (անգլ.՝ Young Men's Christian Association - YMCA) եվրոպական ալյանսի գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը: Ինչպես հուշում է բանախոսության վերնագիրը, թեման անդրադառնում էր Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության, նրա առանձին նվիրյալ անդամների մարդասիրական գործունեությանն Օսմանյան կայսրությունում և Հայաստանի առաջին Հանրապետությունում: Պարոն Համբարձումյանն իր խոսքը սկսեց կարևոր շեշտադրմամբ.
Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպություն է: Բանախոսը ներկայացրեց ինչպես Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության հիմնադրման (1844 թ.) և ընդլայնման պատմությունը, այնպես էլ նրա նորարար ուղղվածությունը՝ XIX դարի շարժումների բովում, ժամանակի երիտասարդությանը մարդասիրական առաքելության ճանապարհով ուղղորդելու իմաստով: Հիշատակվեցին շարժման՝ Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած մի շարք անհատների անուններ, ովքեր ականատես եղան Համիդյան կոտորածներին, Ադանայի ողջակիզմանը, Հայոց ցեղասպանությանը: Մասնավորապես հիշատակվեց
Լոուզըն Չամբերսի (Lawson Chambers)՝ Օսմանյան կայսրությունում կազմակերպութան ճանապարհորդող քարտուղարի անունը, ով միաժամանակ կատարելով բրիտանական փոխհյուպատոսի գործառույթներն Ադանայում, ականատեսն ու վկան դարձավ Ադանայի ողջակիզմանը: Հետաքրքիր փաստ արձանագրվեց. վերջինիս համակարգմամբ մատուցված մարդասիրական օգնությունը եղավ կազմակերպության առաջին միջազգային աջակցության ծրագիրը (անգլ.՝ the first international aid project of the World YMCA):
1920 թ. փետրվարին քարտուղարներ
Ջեյմս Փերրին ու Ֆրենք Ջոնսոնը (James Perry & Frank Johnson) սպանվեցին Այնթապի մոտակայքում՝ թուրքական զինյալների կողմից՝ ֆրանսիական բանակի նահանջի օրերին, մարդասիրական իրենց առաքելությունն իրականացնելու ընթացքում: Խոսվեց նաև քարտուղար Ասա Ջենինգսի (Asa Jennings) մասին, ով Զմյուռնիայի 1922 թ. ցեղասպանության ժամանակ YMCA-ի շենքը վերածեց հղի կանանց պատսպարանի, նպաստեց Զմյուռնայի առափնյա հատվածում հավաքված հայերի ու հույների փրկությանը:
Անդրադառնալով կազմակերպության գործունեությանը Հայաստանի առաջին Հանրապետությունում՝ բանախոսը նշեց, որ այդ ժամանակ կային կազմակերպության կենտրոններ Երևանում, Գյումրիում, Էջմիածնում ու Սևանում, որբերի խնամքի կենտրոն Ծաղկաձորում, հիշատակեց ամերիկացիներ
Ջոն Էլդերի ու Ջեյմս Արոլլի (John Elder & James Arroll) անունները, ովքեր Հայաստանում էին 1918 թ. Սարդարապատի ճակատամարտի օրերին և հետագայում իրենց գործունեության համար բարձր գնահատանքի արժանացան հայերի կողմից:
Բանախոսությունն ուղեկցվեց քննարկումներով, հարցուպատասխանով, ընդգծվեց կազմակերպության արխիվային նյութերը, առկա հուշագրություններն առավել մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: