Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի, ինչպես նաև
ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրենը կոնգրեսականներին նվիրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլերեն լեզվով գրքեր: