18.05.2023
Մայիսի 2-ից 4-ը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը մասնակցեց Էրբիլում կայացած Քուրդիստանի ժողովրդի ցեղասպանությանը նվիրված «Ֆեյլի քրդերի ցեղասպանության մասին» խորագրով միջազգային գիտաժողովին:
Այս համաժողովն անցկացնելու համար ստեղծվել էր բարձրագույն կոմիտե՝ բաղկացած Իրաքյան Քուրդիստանի Սալադինի, Սորանի և Դոհուկի համալսարանների ղեկավարությունից: Իսկ գիտաժողովի երեք օրերի ընթացքում ներկայացվեցին 25 երկրներից ավելի քան 160 կարճ զեկույցներ և 88 հետազոտական զեկույցներ։
Գիտաժողովի ընթացքում տարբեր զեկույցներ եղան Սադամ Հուսեյնի ռեժիմի կողմից քրդերի դեմ իրագործված գործողություների և մասնավորապես 1980թ.-ին ֆեյլի (շիադավան) քրդերի դեմ կատարված հանցագործությունների մասին, երբ հազարավոր ֆեյլի քրդեր Իրաքից արտաքսվեցին Իրան կամ սպանվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվեց:
Նարեկ Պողոսյանը զեկույց ունեցավ ցեղասպանագիտության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և քրդերի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների՝ մասնավորապես Անֆալի գործողությունների համեմատական վերլուծության թեմայով:
Իր զեկույցում նա ներկայացրեց, որ ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը սկսվել է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից այս հանցագործության սահմանումից հետո։ Իսկ այդ հանցագործության սահմանման գործում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները առանձնակի տպավորություն թողեցին նրա վրա։
Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ողբերգական ճակատագիրը հաստատում է նրա տեսակետը, որ պետք է ստեղծվեն միջազգային իրավունքի նորմեր, որպեսզի պետության կողմից ազգային կամ կրոնական փոքրամասնությունների միտումնավոր և համակարգված բնաջնջումը դառնա պատժելի հանցագործություն։
Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում Լեմկինի մտահոգությունը պատճառ դարձավ, որ նա հստակ նպատակ դնի, որ Թուրքիան լինի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան վավերացնող առաջին երկրների թվում: Չնայած կոնվենցիայի վավերացմանը՝ Թուրքիան դեռևս հերքում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը և զգալի ռեսուրսներ է ծախսում ժխտողական քաղաքականությունը խթանելու համար։
Պողոսյանն իր զեկույցում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողության հերքումը և ժխտողականությունը ճանապարհ են բացել հետագայում ցեղասպանության հանցագործության կրկնության համար, որի օրինակներից են նաև Սադամ Հուսեյնի իշխանության կողմից իրաքյան քրդերի նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները։
Այդուհանդերձ, քրդերի ցեղասպանության դեպքում գրեթե չկա էական ժխտողական արշավ, ինչպես որ առկա է Հայոց ցեղասպանության դեպքում: Իրաքը ճանաչում է քրդերի ցեղասպանությունը և հիմնել է Իրաքի բարձրագույն քրեական տրիբունալը՝ ազգային օրենսդրության համաձայն դատելու այն իրաքցիներին, ովքեր մեղադրվում են ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների կամ այլ ծանր հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են 1968-2003 թվականներին: