18.07.2023
Ամերիկյան «Genocide Education Project» (GenEd) կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, 2023 թ. հուլիսի 9-14-ը կազմակերպել է ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Այն կազմակերպվել է երկրորդ անգամ, հաշվի առնելով նաև 2022 թ. մասնակիցների առաջարկությունները և ցանկությունները:
Վերապատրաստումն ընթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Հայոց ցեղասպանության թեման մասնակիցներին ներկայացվել է պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական տեսանկյուններից՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա:
Առանձին դասաժամեր են հատկացվել Արցախյան հիմնահարցին, Ադրբեջանի Հանրապետության ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների: Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը նպաստում է ամերիկացի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը և այդ գիտելիքի փոխանցմանը ԱՄՆ ապագա քաղաքացիներին:
«Genocide Education Project»-ը մասնակիցներին ընտրում է ԱՄՆ տարբեր նահանգներից, այնպես որ նախորդ տարվա հետ միասին վերապատրաստման ծրագիրն արդեն իսկ ընդգրկում է ԱՄՆ 28 նահանգների ուսուցիչների (մասնակիցների մասին մանրամասն տե՛ս`
https://genocideeducation.org/welcoming-the-2023-gened-teacher-fellows/ : Սա թույլ է տալիս ստեղծել կրթողների ցանց «Genocide Education Project»-ի վերահսկողությամբ և խորհրդատվությամբ, որոնք տարածում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ գիտելիք՝ թեման դարձնելով համաշխարհային պատմության մաս:
Ծրագրի 2023 թ. մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային նյութերին, թանգարանի հիմնական ցուցադրության թեմատիկ շեշտադրումներին, պարտավորված են ծրագրի ավարտից հետո վերապատրաստել իրենց նահանգների քսան այլ ուսուցիչների, մասնակցել նահանգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատրաստել մեկ դասի պլան:
Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը «Genocide Education Project»-ի գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանին Հայոց ցեղասպանության իրազեկման բարձրացման և ցեղասպանության դասավանդման մեջ ունեցած ներդրման համար պարգևատրել է ՀՑԹԻ «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով:
2022 թ. մասնակիցների արձագանքը ծրագրի վերաբերյալ տե՛ս`
https://www.youtube.com/watch?v=vAM9Y3QsMJs: